top of page

ԱՂՎԵՍԸ ԵՎ ՆԱՊԱՍՏԱԿԸ

Աղվեսը գնաց նապաստակի մոտ և խնդրեց, որ միասին ապրեն, ինքը մենակության մեջ տանջվում է, համ էլ երկուսով հեշտ կլինի:

Նապաստակը, չնայած ծանոթ էր աղվեսի բնավորությանը, բայց տեսնելով նրա խղճահար վիճակը՝ համաձայնվեց: Երկուսով համատեղ նոր կացարան կառուցեցին և առոք-փառոք ապրում էին, ճաշակում բնության վայելքները: Աղվեսը միս էր բերում, նապաստակը՝ խոտ: Սա աղվեսին դուր չեկավ և նա պահանջեց, որ գործընկերն էլ միս բերի:

-Ախր, ես մսակեր չեմ, որս անել էլ չգիտեմ,- նեղացավ նապաստակը:

-Դեմ որ մսակեր չես, գոնե, հարևան այգուց խաղող և այլ մրգեր բեր,- պահանջեց աղվեսը:

-Կյանքումս գողություն չեմ արել, ինչպե՞ս կարող եմ ուրիշի ստեղծածին աչք դնել,- ընդդիմացավ նապաստակը:

-Ինչպես երևում է, դու բանի պիտանի չես: Շլդիկ ես, հերիք չի, աչքերդ էլ բաց ես քնում, առջևի ոտքերդ էլ կարճ են: Միս ու միրգ բերելուց էլ անամոթաբար հրաժարվում ես, կորիր աչքիցս, դուրս իմ տանից, այլևս քո կեղտոտ մռութը տեսնել չեմ ուզում,- վրա տվեց աղվեսը:

-Բայց չէ՞ որ տունը միասին ենք կառուցել, ինչու՞ ես ամեն ինչից զրկում,- ասաց նապաստակը:

-Ա՜խ դու շլդիկ, անպիտան արարած, դեռ հակաճառու՞մ ես, պետք է ուրախ լինես, որ չեմ սպանում, ողջ-առողջ բաց եմ թողնում,- աղվեսը ժանիքները ցուցադրելով վռնդեց նապաստակին:

Առակս ուսուցանում է, որ ազնիվ մարդը չի կարող ապրել և աշխատել խարդախ, գող ու ավազակ մարդու հետ:

 

2003

Առակներ

Ասացող՝

Նապոլեոն Մկրտչյան

Գրառող՝

Թամար Հայրապետյան

Վայր/ֆոնդ՝

Գորիս

bottom of page