ԳԵՏԸ ԵՎ ԳԵՏԱՓԸ
Գետը հոսում էր դանդաղ և համաչափ, սակայն նրա ափերը դժվարությամբ էին կանաչում: Ափը տխրեց և գետն այդ չնկատել չէր կարող: Այս դժվար վիճակից դուրս գալու համար նա գետափին առաջարկեց ընկերանալ:
-Ես քեզ առատ ջուր կտամ, դու էլ փարթամ կանաչ ու դալար ծառեր կունենաս: Գետափը համաձայնեց և երկուսով սկսեցին ապրել մեծ սիրով: Ծառերը շուտով բարձրացան և հովանի եղան ջրերին: Սրանից գետն ուրախանալու փոխարեն տխրեց և դիմեց գետափին.
-Քո հսկա և փարթամ ճյուղերն ինձ խանգարում են արևից համաչափ օգտվելու հնարավորությունից: Արևի ճառագայթներից ես միաչափ չեմ օգտվում և եթե մեջքս տաքանում է, ապա կողերս են մրսում: Եթե այսպես շարունակես արագ աճել, ես բոլորովին կկորչեմ քո ստվերում, ավելի լավ է հունս փոխեմ: Գետափը ջանաց հասկացնել, որ իրենից միայն օգուտ կարող է քաղել, չէ՞ որ կանաչ և գեղեցիկ ափից օգտվում են նաև մարդիկ և կենդանական աշխարհը: Գետը չլսեց, նա կատաղեց և ընթացքը փոխեց: Գետափը առանց ջրի չորացավ և ամայացավ, իսկ գետը մեն-մենակ մնալով, ընկավ սար ու ձոր և հարմար ընթացք չգտնելով՝ կորավ ղռերում և ավազուտներում: Կորչելու պահին երանի տվեց նախկին կյանքին, բայց արդեն ուշ էր: Առակս վերաբերում է անխոհեմ մարդկանց, որ լեզու չգտնելով, զրկվում են ամեն ինչից և այլևս պիտանի չեն լինում ո′չ իրենց, ո′չ էլ այլոց:
2010
Առակներ
Ասացող՝
Նապոլեոն Մկրտչյան
Գրառող՝
Թամար Հայրապետյան
Վայր/ֆոնդ՝
Գորիս