ԳՅՈՒՂԱՑԻՆ ԵՎ ԱՅԾԸ
Գյուղացին մի այծ ուներ: Նրանք լավ հասկանում էին իրար և գյուղացին այծին կերակրում էր թարմ, հյութալի խոտով: Այծը փոխհատուցում էր համեղ կաթով:
Մի անգամ գյուղացին այծին տարավ այգի: Մինչև ինքը ջրում էր, այծը առջևի ոտքերը բարձրացրեց մատղաշ ծիրանենու վրա և ճյուղերը խժռեց, ջարդուփշուր արեց: Գյուղացին նման վարմունքը չկարողացավ տանել և այծին քշեց սարերը, թողեց անտեր-անտիրական:
Կինը բարկացավ ամուսնու վրա, քանի որ ինքը կաթ չունի և փոքրիկը առանց կաթի չի կարող ապրել: Ամուսինը կնոջ խնդրանքը մերժեց, չգնաց այծի հետևից և փոքրիկը առանց կաթի հյուծվեց, հիվանդացավ:
Գյուղացին ստիպված սար ու ձոր ընկավ, գտավ այծին և խնդրեց վերադառնալ: Այծը հիշելով, որ փոքրիկը առանց կաթի կարող է մեռնել՝ վերադարձավ:
Առակիս միտքն այն է, որ նախքան ուրիշին մեղադրելը, պետք է ինքդ քեզ հաշիվ տաս և գործը բռնես խելամտորեն:
2003
Առակներ
Ասացող՝
Նապոլեոն Մկրտչյան
Գրառող՝
Թամար Հայրապետյան
Վայր/ֆոնդ՝
Գորիս