top of page

ԷՇԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

-Այսպես անպաշտպան և խեղճ ապրել չի լինի,- ժողովի ժամանակ բարձրաձայնեց էշերից մեկը,- մեջլիսում բանիմաց ներկայացուցիչ է պետք՝ մեր պահանջներն ու խնդիրները ներկայացնելու և պաշտպանելու համար:

-Ճիշտ է, մենք ումի՞ց ենք պակաս,-ավելացրեց անկյունում ոտքերը չռած մեկը,- ես առաջարկում եմ Չալ էշի թեկնածությունը:

-Ինչու՞ Չալի:

-Նրա ականջները ամենախոշորն են, իսկ ձայնը՝ ամենազիլը:

-Հետո ինչ,- փորձեց առարկել մի այլ իշուկ:

-Հետո այն, որ մեջլիսում պետք է խոշոր ականջ և զիլ ձայն ունեցող լինի, լավ լսելու և բարձր խոսելու համար:

Հարցը դրին քվեարկության և մեծականջը, ձայների մեծամասնությամբ անցավ: Մեջլիսում սա ոչ մի հարց չբարձրացրեց, սակայն անտեղի և անկապ գոռգոռալուց մեկը եղավ:

Ընտրողները գլխներին խփեցին.

-Տեղն է մեզ, խելացիներին թողած, հաստագլուխ ու զռռանին ընտրեցինք:

Առակս սովորեցնում է՝ որոշում կայացնելուց առաջ հարկավոր է յոթ անգամ չափել, նոր միայն կտրել:

 

2010

Առակներ

Ասացող՝

Նապոլեոն Մկրտչյան

Գրառող՝

Թամար Հայրապետյան

Վայր/ֆոնդ՝

Գորիս

bottom of page