ԻՆՉՊԵ՞Ս ԷՐ ԾԱՂԿԱՆՈՑԸ
Մի թագավոր վեզիրին ուղարկում է երկիրը շրջելու, իմանալու համար, թե ինչ կա-չկա իր երկրում: Վեզիրն անցնում է բոլոր կողմերը, վերադառնում պալատ: Երբ թագավորը հարցնում է թե ինչ կա չկա, վեզիրն ասում է ամեն ինչ լավ է, դրախտ է ամբողջ երկիրը: Թագավորը վեզիրին ծաղկանոցում փակում է ու մի օր սոված պահում: Օրը մթնելուց հետո թագավորը վեզիրին հարցնում է. -Ինչպե՞ս էր ծաղկանոցը:
Վեզիրն ասում է.
- Ծաղկանոցը ո՞րն է, դժոխք էր:
Երկրորդ օրը թագավորը վեզիրին լավ կերցընում է, նորից ծաղկանոցում պահում, էլի հարցնում, թե ինչպես էր ծաղկանոցը, վեզիրն ասում է` իսկական դրախտ էր: Թագավորը հարցնում է, թե էդ ինչպես է, որ երեկ դժոխք էր, էսօր` դրախտ:
Վեզիրն ասում է. - Էսօր ծաղիկների հետ էի կռվում, երեկ` աղիքների:
անհայտ
Առակներ
Ասացող՝
Միքայել Փանջունց
Գրառող՝
Միքայել Առաքելյան
Վայր/ֆոնդ՝
Գորիս, 1964, FF V 8865-8867