ՄՐՋՅՈՒՆՆ ՈՒ ՃՊՈՒՌԸ
Ճամփեզրին, իրար հետևից երկար շղթա կազմած, իրենց տնակն էին շարժվում մի խումբ մրջյուններ, որոնց առաջնորդում էր գլխավոր մրջյունը:
Ճպուռը՝ տեսնելով նրանց ծաղրանքով հարցրեց.
-Ինչու՞ եք շղթայվել, չլինի՞ ձեր տերն է ստրկացրել:
-Ոչ ոք մեզ չի ստրկացրել, մենք կարգ ու կանոն հարգող ենք, որը ժառանգաբար փոխանցվել է մեր ապուպապերից: Չէ՞ որ վտանգի ժամին խուճապի չենք մատնվի: Իսկ դուք, որ կարգ ու կանոն չգիտեք, ինչպես պատահում, այնպես էլ շարժվում եք, մի օր փորձանքի կգաք:
Ճպուռը հռհռաց, թևին տվեց և թռավ:
Հաջորդ պահին ուժեղ քամի բարձրացավ և ճպուռը, մենակ լինելով՝ փրկվել չկարողացավ:
Քամին նրան տարավ, գլորեց խոր անդունդը:
Մեռնելուց առաջ երանի տվեց խելամիտ մրջյուններին, անիծելով ինքն իրեն. «Տեղն է ինձ, ցեղիս մեջ մի խելացի չգտնվեց, որ հանգիստ և անվտանգ ապրելու ձևը սովորեցներ»:
Առակս վերաբերում է թեթևամիտ և անհաշվենկատ մարդկանց, որոնք սեփական կյանքը թողնում են բնության քմահաճույքներին:
2010
Առակներ
Ասացող՝
Նապոլեոն Մկրտչյան
Գրառող՝
Թամար Հայրապետյան
Վայր/ֆոնդ՝
Գորիս