ԱՆՁՆԱԶՈՀ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ
Նախիջևանի խանի զինվորները երկու խմբի բաժանված հարձակվում են Քարաշեն և Քարահունջ գյուղերի վրա: Քարաշենը շուտով անձնատուր է լինում: Ասպատակողները թալանում են գյուղը և գերի տանում երիտասարդներին: Քարահունջը պաշտպանվում է. գյուղացիք ապաստանում են եկեղեցում և սեղանի վեմ քարով ծածկում են դուռը: Խանի զինվորները փորձում են քանդել եկեղեցին, բայց չեն կարողանում: Բերում են դաշտում բռնված երկու քարահունջեցի եղբայրների, որոնց հայրը նույնպես գտնվում էր եկեղեցում, և ստիպում են նրանց աղաչել իրենց հորը, որպեսզի նա բաց անի եկեղեցու դուռը` խոստանալով խնայել թե´ եղբայրների և թե´ նրանց հոր կյանքը: Եղբայրները թուրքերեն լեզվով աղաչում են հորը բաց անել դուռը, իսկ հայերեն` հակառակն են պնդում: Տեսնելով, որ եկեղեցու դուռը չի բացվում, խանի հրոսակները իրենց սրերը դնում են եղբայրների վզին և կանչում են նրանց հորը, որ ազատի զավակներին: Սակայն, հայրը ևս չի բացում եկեղեցու դուռը և, արցունքներ թափելով, զոհաբերում է հարազատ զավակներին:
1898
Ավանդազրույցներ
Ասացող՝
-
Գրառող՝
Երվանդ Լալայան
Վայր/ֆոնդ՝
Սյունիք, Ազգագրական հանդես, Գիրք Դ, № 2, էջ 9-10