ԵՐԻՑԱԿ ՄԵՏՐՈՊՈԼԻՏ
Այս Երիցակը նախ երկար տարիներ ապրել էր Բաղք գավառում, մի քարանձավ տեղում` ապա գնացել էր երանելի Գյուտի վանքը և այնտեղ անտանելի ճգնությամբ անցկացրել շատ օրեր:
Մուշե եպիսկոպոսի մահից հետո ժողովրդի խնդրանքով Երիցկավանքի սուրբ վանահայր, խարանազգեստ ու խստակրոն ճգնավոր Երեցին հարկադրելով` բերում, նշանակում են Սյունիքի եպիսկոպոս:
Երանելի Մուշե հայրապետը մտնելով վանքը` ողջունում է եկեղեցին ու այնտեղ բազմելով պատգամավոր է ուղարկում այրու որդուն և մեկ ուրիշին` Արագածոտնի Հովհաննավանքից, որը սարկավագապետ էր և հայրապետի գրագիրը: Նույնպես գնում են նաև իշխաններ ու այլ պատվիրակություններ, բայց չեն կարողանում համոզել Երիցակին: Այնուհետև կաթողիկոսն ինքն է գնում հայր Երիցակի մոտ, նրա սրահը և բարկությամբ լցված ու զայրանալով խաչակնքում է և ասում. «Ինչու՞ ես այդպես համառած մնում, քո մեջ դև կա, Աստված թող սաստի ու հալածի չարին»: Այն ժամանակ սրբի խոսքերից թանձր ծուխ բարձրացավ որպես փոթորիկ և շենքից վերացավ: Ապա եկան սպիտակ աղավնիների երամներ, իջան սրահի տանիքին: Եվ աղավնիներից մեկը սլանալով եկավ, իջավ կաթողիկոսի վրա, նրա վրայից էլ բարձրանալով` իջավ Երիցակի վրա ու շրջում էր նրա խոշոր կնգուղի վրա, բարակ ձայնով մարդու պես ասում. «Արժանի~ է, արժանի~ է»: Իսկ բազմությունն այդ տեսնելով միաբերան ուժեղ ձայնով գոչում էր. «Արժանի~ է, արժանի~ է»: Սուրբ հայրն այս տեսնելով էլ չհամարձակվեց հակաճառել, այլ ծնկի գալով կաթողիկոսի առաջ` արտասվաթոր աղերսանքով ասաց. «Թող լինի քո` տիրոջդ, կամքը և ոչ թե իմը»: Ապա կաթողիկոսը, նրա ձեռքից բռնած, տանում է եկեղեցին և հանելով բեմի վրա` օծում Սյունիքի մետրոպոլիտ ու բերում, նստեցնում է աթոռին: Իսկ ինքը մեծարանքներով ու անսահման շքեղությամբ հրաժեշտ է տալիս բոլորին, գնում է հայրապետական աթոռը, Դվին կենտրոնական քաղաքը` բազում փառք ու շնորհակալություն հղելով: Երանելի Երիցակն էլ, աթոռին մնալով մեկ տարի, փոխադրվում է վերին Երուսաղեմ, որտեղ սրբերի բազմությունն է, որոնց քաղաքապետը բոլորի աստված Հիսուս Քրիստոսն է:
1986
Ավանդազրույցներ
Ասացող՝
-
Գրառող՝
Ստեփանոս Օրբելյան
Վայր/ֆոնդ՝
Սյունիքի պատմություն, էջ 111-112