top of page

ԶԱՆԳԵԶՈՒՐ (Ա)

 

Երբ Լենկ-Թեմուրը գալիս հասնում է Արաքսի ափը, դեռ գետը չանցած, նրան ներկայանում է Մեհրի անունով մի իշխան և ասում. Լենկ-Թեմուրն ապրած կենա, եկել եմ քեզ ծառայեմ: Թեմուրի հարցին, թե` ինչո՞վ նա կարող է ծառայել իրեն, իշխանը պատասխանում է. քանի Խոտ գյուղի գլխին գտնվող վանքի մեծ զանգը կա, դու չես կարող գրավել այս երկիրը, թշնամուն հեռվից տեսնելուն պես, տալիս են այդ զանգը և ժողովրդին հանում նրա դեմ: Լենկ-Թեմուրը մի քիչ մտածելուց հետո, ասում է. գնա´, էդ զանգը վառի, փչացրու, ես քեզ շատ ոսկի ու իշխանություն կտամ: Դավաճանը գնում է, իր նման մի քանի ուրիշների հետ` գիշերով զանգի տակ կրակ են վառում և կտրում նրա ձայնը: Լենկ-Թեմուրը զորքով անցնում է Արաքսը: Իմանալով այդ մասին, վանահայրը կանչում է զանգահարին և կարգադրում շտապ զանգը տալ: Զանգահարը ինչքան փորձում է` զանգը ձայն չի հանում: Վազում է վանահոր մոտ և ասում. Ամեն բան զուր է, զանգը ձայն չի տալիս... Լենկ-Թեմուրը գիշերով գալիս գրավում է ամբողջ երկիրը: Գյուղերում մարդիկ զարմանքով հարցնում են իրար. «Բա ինչու՞ զանգը չտվին»: Ոմանք էլ պատասխանում են. «Զանգը զու~ր է, զանգը զու~ր `...»: Դրանից հետո գավառի անունը մնում է Զանգեզուր:

1946

Ավանդազրույցներ

Ասացող՝

Արմենակ Մայիլյան, Գրիգոր Դոլունց

Գրառող՝

Ս. Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Շինուհայր,Ավանդապատում, Արամ Ղանալանյան, Երևան, 1969, էջ 149-150 (386 Ա-Զ )/ ՀԱԻԲԱ FF II5423 5427 6295

bottom of page