ԷՇ
Աստված մի օր կանչում է կենդանիներին, որ խելք բաժանի: Ամեն կենդանի գալիս է բաժինը վերցնում: Բոլորից վերջը ներկայանում է էշը: Աստված տալիս է նրան իր մոտ մնացած մի փոքր կտոր խելքը:
Էշն ասում է. - Բա ես էս փոքր կտոր խելքով ի՞նչ պիտի անեմ:
Վնաս չունի, - ասում է Աստված, - վաղը շուտ կգաս, ականջներ եմ բաժանելու:
Էշը հետևյալ օրը բոլորից շուտ է ներկայանում: Աստված մեծ-մեծ ականջներ է տալիս նրան: Դրա համար էլ էշի խելքը փոքր է, ականջները` մեծ:
(Գորիսի բարբառով)
Աստոծ մըն օր կանչում ա զիմ հեյվաններին, վեր խելքը պիժանի: Աման հեյվան կյամ ա ուրան փայը ինք օնում, քյունում: Չիման վերչին կյամ ա էշը: Ըստըծու կոխկին էլ մըն թեքա լափ խրեկ խելք ա ինում, տամ ա իշին:
Էշն ասում ա. – Աստո´ծ, բա ես էս թիքյա խելքավս հո՞ւնց անեմ, շատ ա խրեկ:
Աստոծ ասում ա. – Վընաս չոնի, էքուց շուտ կիկյաս, ունջուկնին եմ պիժինիլու:
Էշը էքսի օրը շուտ ա կյամ, մեծ-մեծ ընջուկնի յա տամ, Աստոծ էշին: Ըտա հետի էլ իշին խելքը պակաս ա, ունջուկնին մեծ-մեծ:
1946
Ավանդազրույցներ
Ասացող՝
Վարդանուշ Խանզադյան
Գրառող՝
Ս. Խանզադյան
Վայր/ֆոնդ՝
Գորիս