top of page

ԿԱՉԱՂԱԿ (Քչեղակ)

Կաչաղակը մարդուն բարեկամ է եղել, հասկացել է նրա լեզուն: Նա վաղօրոք իմացել է, թե ինչ է կատարվելու (տունը հյուր է գալու, ղարիբից լուր է ստացվելու) և այդ մասին հայտնել է մարդուն: Մի անգամ կաչաղակն անգիտությամբ հանում է երեխայի աչքը: Մարդը զայրանալով տանից դուրս է անում կաչաղակին: Սա ընկնում է չոլերը, բայց չի մոռանում իր հին բարեկամությունը: Նորություն իմանալիս գալիս, նստում է մարդու տան պատին կամ ծառի ճյուղին և այնքան չըռթ-չըռթում, մինչև որ մեկը դուրս է գալիս տանից և շնորհակալություն է հայտնում կաչաղակին նրա բերած նոր լուրի համար, որից հետո կաչաղակը թռչում գնում է:

 

(Գորիսի բարբառով)

Մըն վըխտի քչեղակը մառթին հինգեր ա իլալ, մառթի լուզու ա գիդացալ: Մառթն ա քըչեղակը լավ ըխպերություն ընիլիս են իլալ: Հունց ա իլալ, քչեղակը մառթին խուխին աշկը չգիդալավ տուս ա կալալ: Հա´, մըտաս ինգյավ, վեր ասեմ, քըչեղակը համան հինչ գիդալիս ա իլալ, մըն օր, էրկու օր առա´ մարթին հայտնալ ա, թա` էս հինչ պանը ըսհենց ա ինիլու, յա տոնը մառթ ա կյալու, յա զըրիբա խաբար ա կյալու: Քյասմա ասած, աման հինչ գիդացալ ա, համ էլ մառթին խաբար տուվալ: Հենա վեր անգիդութկու մառթին խուխին աշկը տուս ա կալալ, մառն ըջըղվալ ա, քըչըղակին թակալ, տանան տուս ըրալ: Քչեղակը ինգյալ ա չոլերը, ամմա մինչևի մըհեկ էլ, վեր մառթին տանը մըն թազա խաբար ա կյալիս ունում, քըչեղակը ինսափը կուրցըրալ չի, կյամ ա մառթին տանը պատին, յա ծառին ճըղնին եր կյամ, չըռթչըռթում, դեզանը մընը տանան տուս ա կյամ, ասում. «Հա´, գիդացինք, ա քչեղակ, խեր ինես»: Ընդանա ետը քչեղակը թըռնում ա, քյունում:

1946

Ավանդազրույցներ

Ասացող՝

Վարդանույշ Խանզադյան

Գրառող՝

Սերո Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Գորիս

bottom of page