ԿԱՊԱՆԻ ԱՎԵՐՈՒՄՆ ՈՒ ԲԱՂԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄԸ
Այն տարում, երբ հայոց հինգ հարյուր հիսուներկու թվականն էր (1103թ.), եղավ Կապան գավառի և Բաղաց ամուր աշխարհի ավերման ու նրանց թագավորների և իշխանների տիրապետության վերացման սկիզբը, որի մասին կարդացինք ու իմացանք Սյունյաց եպիսկոպոս Տեր-Ստեփանոսի թղթից, որ գրել էր հոյակապ Անի քաղաքում` Մխիթար քահանայի` քաղաքի ավագ երեցի և սուրբ կաթողիկեի փակակալի խնդրանքով:
Մեծ կոտորածի պատճառն էլ այս էր. Սենեքերիմ թագավորը գնում է Պարսկաստանի մայրաքաղաք Սպահան` Մելիքշահ սուլթանին տեսակցության: Հանդիպելով նրան` բարձրագույն փառքով մեծարվում է ու նստեցվում վերևի տեղում: Սուլթանը խիստ սիրված մի ծառա ուներ` Չորթման անունով, որը նրա մոտ մատռվակություն էր անում: Ճաշի ժամանակ սա գինով խիստ նեղում է Սենեքերիմ թագավորին, որը թեև շատ պարգևներ է խոստանում նրան, բայց նա ուշադրություն չի դարձնում: Ապա խոստանում է Չորթմանին տալ իր դուստրը, որի համար, իրենց սովորության համաձայն, Չորթմանը հանգույց է դնում Սենեքերիմի գոտու վրա` որպես նշան այդ խոստման, ու տանում, ցույց է տալիս սուլթանին: Դրանից հետո կատակով ասված այն խոսքերը Չորթմանը խորամանկությամբ պահում էր իր մտքում` խժդժություն առաջ բերելու նպատակով: Ապա հասնելով բարձր դիրքի և իշխանության` Սենեքերիմից պահանջում է խոստացած աղջիկը: Իսկ նա խիստ խոսքերով է պատասխանում` ծաղրելով նրա պահանջը: Այն ժամանակ, երբ Չորթմանն իմանում է թագավորի կարծիքը, ըստ որի իր պահանջի կատարումն անհնարին էր, սկսում է դաժան հալածանքներով ու տեսակ-տեսակ նեղություններով կեղեքել և ավերել նրա ամբողջ տերությունը:
Ահա հենց սա եղավ այս աշխարհի ավերման սիզբը, և այդ թագավորությունն օրըստօրե սկսեց թուլանալ ու ապա վերացավ: Այն ուներ իրեն ենթակա քառուսեներեք բերդ, որոնցից տասներկուսն անվանի էին, քառասունութ վանք, հազար ութ գյուղ, մայրաքաղաքն էլ Կապանն էր: Դա Բաղքի թագավորությունն էր:
1986
Ավանդազրույցներ
Ասացող՝
-
Գրառող՝
Ստեփանոս Օրբելյան
Վայր/ֆոնդ՝
Սյունիքի պատմություն, էջ 277-278