ՇԱՀԱՆԴՈՒԽՏ
Աղվանքի գահերեց իշխան Վարազ Տրդատը մի դուստր ուներ` Շահանդուխտ անունով: Նրա կերպարանքն արտասովոր էր ու հրաշալի. չքնաղ գեղեցկությունը զարմանք էր պատճառում տեսնողներին: Ոչ ոքի չէր թվում, թե նա նյութեղեն է. այլ կարծես թե կերպարանափոխված էր լուսատարր օդից ու նրբանուրբ շողերից : Նրան հարս խնդրեցին Թորգոմյան տնից: Եվ նա դուրս ելավ իր աշխարհից, հայրենի տնից, գնաց կին դառնալու հայ իշխանին: Մտնելով Բաղաց աշխարհը` անցնում էր ապահով տեղանքի ճանապարհով, մի ապառաժոտ վայրով, որտեղ մի քարաժայռի փլվածք էր` ահռելի խորությամբ, որն անդունդի նման ուղղված էր դեպի Տաթևի մեծ հայրապետանոցի կողմը: Հենց այնտեղ թաքնված, ծվարած էին սուսերամերկ զորքի լեգիոնախումբ ջոկատներ, որոնք Շահանդուխտի սքանչելի գեղեցկության պատճառով եկել էին Պարսկաստանից, հսկում էին ճանապարհների անցքերն ու կիրճերը, որ հափշտակեն այդ աղջկան:
Ուղևորներն այդ բանին իրազեկ չէին: Զինված խմբերը հանկարծակի հարձակվեցին նրանց վրա և սրերը քաշած սկսեցին անխնա կոտորել այս քրիստոնյաներին: Ապա խորահավատ օրիորդն այս տեսնելով` հասկացավ պատճառը և, տերունական խաչով երեսին խաչ հանելով, ձին մտրակեց ու թռավ քարաժայռի փլվածը: Այս տեղեկությունը մի հնացած նամակում Շահանդուխտի ձեռքով էր գրված այսպես. «Ես`Քրիստոսի մեղավոր աղախին Շահանդուխտս, Վարազ Տրդատի դուստրս, Թորգոմյան տունը հարս էի գնում. Հասա Բաղքի սահմանները, այս քարաժայռի գլուխը, որտեղով ճանապարհն է անցնում: Ահա (այստեղ) ինձ հանկարծակի հանդիպեցին իսմայելցիները, որոնք իմ հռչակված գեղեցկության պատճառով կամենում էին ինձ հափշտակել: Նրանք սրերը քաշած կոտորեցին ինձ հետ եղած հեծելագունդը: Եվ ես լավ համարեցի գայլաբարո այլազգիների ձեռքով կորչելու փոխարեն գահավիժումով մեռնել իմ Քրիստոսի համար: Եվ հիշելով սուրբ Աստվածածնին ու սուրբ Հռիփսիմեին` ինձ հանձնեցի Սուրբ Երրորդությանը. ողորմելի անձս խաչակնքեցի սուրբ խաչով և ձիու սանձը ետ դարձնելով` թռա քարաժայռից: Քամու ուժգին հոսանքով, աներևույթ զորությամբ, կարծես թե կառքով իջա այս ձորի խորխորատը, ձիս էլ հետս` անվնաս: Այնտեղ դադար առնելով` մեծ հիացումով խիստ գոհունակություն վերաառաքեցի ինձ այդպես փրկողին և այս անդորր տեղում իմ անձը նվիրեցի Քրիստոսին. ուխտեցի այլևս այստեղից դուրս չգալ մինչև կյանքիս վերջը: Իսկ իսմայելացիներն այս տեսնելով մեծ զարմանքով անվնաս թողեցին մի մատուռ ու մի խցիկ, որտեղ ճգնեցի կյանքիս մնացած ամբողջ ժամանակամիջոցում: Թեև ծնողներս ու հարսնածու իշխանները շատ թախանձեցին, բայց ես տեղիցս չշարժվեցի: Հրավիրելով Սյունյաց երանելի եպիսկոպոսին` ենթարկվեցի նրան և իմ ամբողջ ունեցվածքը տվեցի նրա ձեռքը` կես մասը բաժանելու կարիքավորներին, կեսն էլ տալու Տաթևի սուրբ եկեղեցուն: Նաև սուրբ եկեղեցուն ավանդեցի այս տեղերը` ամբողջ ձորով հանդերձ, որ ընկած են Շնհերի սահմանից վեր, մինչև Գինական գետը»:
Նա մնալով այնտեղ իր մոտ է հավաքում ուրիշ կույսերի և տառապալից ճգնությամբ ապրելով երեսուն տարի` մեռնում է: Եպիսկոպոսը գնալով թաղում է նույն տեղում սրբի երանելի մարմինը:
1986
Ավանդազրույցներ
Ասացող՝
-
Գրառող՝
Ստեփանոս Օրբելյան
Վայր/ֆոնդ՝
Սյունիքի պատմություն, էջ 169-170