top of page

ՇԱՂԱՏԻ ԵԿԵՂԵՑԻ

Գովելի և քաջ երիտասարդ Բաբիկը, որ իր հայրենի ժաանգությանը տեր դառնալուց հետո ելնում է որս անելու Սյունյաց որսասուն ու որսառատ վայրերի լեռներում, ուրախանալու և զվարճանալու սովոր տեսարաններով` խնջույքներով ու խրախճանքներով, նաև տեսնելու գավառների որպիսությունը` իր իշխանության առաջին տարում: Եվ նա, այդպես առաջ անցնելով, տեսավ այս սիրելի աշխարհը ողորմելի տեսքով` մարդ ու անասունից թափուր, գեղեցիկ և հարմարավոր ավաններն ու շեները, գյուղերն ու ագարակները հիմնակործան արված, ամբողջը ոչնչացված ու ավերակ դարձված:

Այս ողբալի պատկերները տեսնելուց հետո անցնում է Ծղուկ գավառը, հասնում է Շաղատ բնակելի ավանը, դիմում է դեպի արևելյան կողմի հանդիպակաց մի բլուրը: Հենց այդ ժամանակ բլրից մի եղջերու է դուրս գալիս և խուճապի մատնվելով փախչում է` իրեն գցելով եկեղեցաբլուրը: Բաբիկը, արագաքայլ ձիով հետապնդելով, եղջերուի հետևից բարձրանում է եկեղեցաբլուրը: Եվ այն ժամանակ ձիու ոտքերը խրվում են բլրի մեջ, իսկ եղջերուն բլրում աներևութանում է: Սյունյաց տեր Բաբիկը, ձիուց իջնելով եկեղեցաբլրի վրա, հրամայում է բազմությանը ձիու խրված ոտքեը դուրս քաշել բլրից: Եվ երբ Սյունյաց տեր Բաբիկի շքախմբի բազմությունը ուժգնորեն դուրս է քաշում, կրկին սաստիկ զարմանք ու ահ է համակում ամբողջ բազմությանը, որովհետև ձիու ոտնատեղերից անուշահոտություն է բուրում և գրեթե ամբողջ գավառաձորը լցնում: Սյունյաց տեր Բաբիկը հրամայում է բազմությանը` քանդել բլրի հողը: Եվ քանդելով հողը` նրա տակ տեսնում են քարակոփ չքնաղաշեն եկեղեցի, որպիսի հրաշալի ճարտարապետական կառուցվածք ուրիշ ոչ մի տեղ չկար. գմբեթն ու խորանները քառակողմ էին, միահարկ, մեկ ընդհանուր տանիքով և ոչ թե առանձին, ինչպես ուրիշ քարակերտ եկեղեցիներն են:

Եվ բացելով Ստեփանոս Նախավկայի սուրբ եկեղեցու դռները` տեսնում են բազմաքանակ ոսկե ու արծաթե խաչեր, բազում պատվիրանագրքեր, Սյունիքի բոլոր եկեղեցիների ուրիշ սպասքներ` յուրաքանչյուրը իր գյուղաքաղաքի գրությամբ, ինչպես նաև սուրբ ու պատվական նահատակների անթիվ և անհամար նշխարները, որոնք մնացել էին եկեղեցու պատերի մեջ:

Շաղատի եկեղեցու այս հայտնությունը և սրբությունների գյուտը եղան Հոռի ամսի մեկի օրը: Եվ այն ժամանակ ամեն տարի Սյունյաց տերն ու եպիսկոպոսը հանդես գումարելով` տոնախմբությամբ նշում էին սուրբ եկեղեցու երևման օրը` որպես ամբողջ Սյունյաց աշխարհի մայր եկեղեցու օր:

1986

Ավանդազրույցներ

Ասացող՝

-

Գրառող՝

Ստեփանոս Օրբելյան, էջ 89-90:

Վայր/ֆոնդ՝

Սյունիքի պատմություն,

bottom of page