ՏԱԹԵՎԻ ՊՈՂՈՍ-ՊԵՏՐՈՍ ԵԿԵՂԵՑԻՆ
Սյունյաց Սողոմոն մետրոպոլիտի վախճանից հետո տեղի իշխանների ու հոգևորականների կողմից եպիսկոպոս ընտրվեց Հովհաննեսը, ով ձեռնադրվելով նստեց սյունյաց մետրոպոլիտության աթոռին: Այս երանելին տեսավ, որ եկեղեցին նեղ էր, անշուք ու երկար ժամանակներից հնացած, երկարաշարժից էլ խարխլված: Եվ քանի որ անպատշաճ էր այնպիսի մեծ կենտրոնական աթոռանիստի սուրբ հայրապետանոցի աշխարհագումար ժողովարանի համար կաթողիկե եկեղեցուց զուրկ լինելը, այդ պատճառով ներքնապես շարունակ մտատանջվում էր և հնար չէր գտնում, որովհետև մի կողմից չէր համարձակվում քանդել առաջին սրբերի հիմնադրած տաճարը, իսկ մյուս կողմից` թվում էր, թե անմատչելի է անհրաժեշտ հսկայական ծախսի կատարումը: Ապա երազի մեջ հրեշտակից հրաման ստացավ` հինը մի կողմ թողնել և նոր եկեղեցու շինարարություն սկսել: Եվ այն տեսիլը կրկնվեց ու երրորդվեց, մինչև որ հրեշտակը լրիվ հավաստի դարձրեց իրողությունը, որ խաբուսիկ երևույթ չկարծվեր, իր գավազանով էլ սահմանագծեց տեղը ու հրամայեց կառուցել եկեղեցին գլխավոր առաքյալներ Վեմ-Պետրոսի ու Պողոսի անունով: Գործի համար քաջալերեց ասելով. «Դա մարդու կողմից չի կատարվում, այլ Տերն է ուզում իր փառքի համար տուն կանգնեցնել»:
Եվ այսպես կառուցեցին եկեղեցին` երկնակամարի նման գմբեթահարկ, որպես հրեշտակների զբոսարան և մարդկանց քավարան` տաշած վեմերով ու քերած քարերով, որմնադրական արհեստով հարմարեցված, տեսնողների աչքերը շլացնող: Երբ Տեր Հովհաննես եպիսկոպոսն ավարտեց եկեղեցու և մյուս կառույցների շինարարությունը, հետամուտ եղավ աշխարհախումբ հանդեսին` կատարելու մեծ և աստվածահրաշ տաճարի նավակատիքը: Եվ գիշերային արարողության ժամանակ եպիսկոպոս Հովհաննեսը նրանցից տեսիլքով տեսավ Պետրոսին` ձեռքին երկաթե բանալի, և Պողոսին` գրկում առաքելական գիրքը, որոնք մտնելով եկեղեցին` պատրաստում էին աթոռը երկնային թագավորի համար և բանալին ու գիրքը տվեցին եպիսկոպոսին և ասացին. «Տերը հաճեցավ բնակվել սրա մեջ, և մենք նրա համար հանգստյան տեղ ենք պատրաստում. հենց մեզ էլ հրամայվեց այստեղ մնալ մինչև մեր թագավորի հաջորդ գալուստը. դա արքայության բանալին է, թող մնա այս եկեղեցու մեջ, որովհետև այստեղ է բացվելու դրախտի դուռը բոլոր այն մեղավորների համար, որոնք հավատով դիմելու են սրան. այս գիրքը ևս թող մնա սրա մեջ, որովհետև այստեղից բխելու են վարդապետական շնորհը և սուրբ հեղինակների ողջամիտ քարոզները, այնտեղ կմնա մաքուր ու անխառն»:
Այս տեսնելով ու սթափվելով` մեծ գոհունակությամբ դեպի երկինք փառաբանություն առաքեց, բայց ոչ ոքի ոչինչ չհայտնեց: Ապա առավոտը բացվելիս հայրապետները և բոլոր եպիսկոպոսները զգեստավորվելով բեմ բարձրացան ու կատարելով հոգևոր օրհնությունը` օծեցին եկեղեցին աստվածաստեղծ յուղով: Եվ այսպես կատարելով օրհնությունը` ութ օր նավակատիք արեցին ի փառս Աստծու:
1986
Ավանդազրույցներ
Ասացող՝
-
Գրառող՝
Ստեփանոս Օրբելյան
Վայր/ֆոնդ՝
Սյունիքի պատմություն, էջ 206-210