top of page

ՔՐԻՍՏՈՍԻ ԽԱՉԱՓԱՅՏԻ ՄԱՍՈՒՆՔԸ

Արցախից Սյունիք են բերում աստվածընկալ խաչի հրաշագործ նշանը, որի մեծամեծ հրաշքների ու զարմանալի սքանչելագորոծությունների համբավը տարածված էր մբողջ աշխարհում: Նա կենսակիր այն փայտից էր, որն իր վրա կրում էր աստվածային կողերից հոսած արյան ներկված հետքը և ամրացված էր ոսկու մեջ` փոքրիկ տուփով: Այն տոհմով սերնդեսերունդ պահում էին Դլեն իշխանի թոռները. Դա այն տոհմն էր, որ Տաթևում ունի եկեղեցի և բազմամարդ միաբանություն:

Անծանոթ աշխարհից մի ճգնավոր, որ աղոթքի առիթով շրջագայում էր, մի ձմռան ընկավ Դլենի գյուղը: Նա իր պարկի մեջ ուներ աստվածային այդ անկշռելի գանձը: Իջևանելով գյուղի քահանայի տանը` պարկը տալիս է տանտիրուհուն ու ասում. «Սա մաքուր տեղ դիր մինչև գնալս»: Դա հայտնության ճրագալույցի օրն էր: Քահանայի փոքր տղան գիշերը մեռել էր, բայց տոնի պատճառով դուրս չէին հանել: Տանտիրուհին ճգնավորի պարկը տանում-դնում է վախճանվածի սնարի մոտ: Երեկոյան պաշտամունքային արարողության վերջանալուց հետո, երբ մի փոքր ննջել էին, կենսատու փայտը վերակենդանացրեց մանկանը, որն սկսեց ձայն տալ մորը: Մայրը քնից արթնանալով զարհուրեց. արթնացրեց քահանային: Նրանք գնացին ներքնատունը, տեսան, որ երակենդանացել ու նստած պարկի հետ խաղ է անում: Երկար ժամանակ զարհուրած ու ապշած էին. չգիտեին, թե ինչ բան է դա:

Ապա ճգնավորն իմանում է եղելությունը, և երբ դեռ հյուրընկալողները այսպիսի ընդարմացած վիճակում էին, ծածուկ կերպով վերցնում է պարկն ու փախչում-գնում է: քահան ու կինն սթափվելով հասկանում են, թե ինչ է կատարվել: Գնում են գյուղապետի մոտ ու ճիչ բարձրացնելով պատմում տեղի ունեցած հրաշքի մասին: Աղաղակն ընկնում է գյուղը, և բոլորը գալիս են մանկանը տեսնելու: Դլենը վեր է կենում, ծառաներով ու շինականներով ընկնում ճգնավորի ետևից` ընթանալով դեպի Աղունո գետի կողմը: Ճգնավորն իմանալով, որ իրեն հետապնդում են, տուփից հանում է փայտի շատ փոքրիկ մասը, դնում իր կրած կնգուղի ծալվածքը, իսկ տուփը գցում է մացառախիտ անտառի մի սալորի թփի մեջ և հեռանում է: Հետապնդող մարդիկ գալիս, հասնում են այնտեղ, համատարած ձյան ու սառույցի մեջ տեսնում տուփը հանկարծակի փթթած գեղեցիկ ծաղիկներով և պատած կանաչած սաղարթներով` աննման հոտ բուրելով: Մեծապես հիանում են` կարծելով այնտեղ է պահած խաչը:

Երբ տեղը զննեցին, թփի մեջ գտան տուփը` դատարկ, շարունակեցին հետապնդել ճգնավորին, որին հասան Աղունո գետի եզրին: Ճգնավորը ետ դարձավ և տեսավ նրանց. Մտքում զայրացավ, կնգուղից հանեց փայտը և գցեց գետը: Այն մարդիկ ճգնավորին բռնելով սաստկապես տանջեցին. Պահանջում էին փայտն իրենց տալ: Բացելով պարկը` ոչինչ չգտան այնտեղ: Վրայի կոպիտ քուրձն էլ հանեցին, բայց բայց փնտրածը չէր երևում: Ապա նայեցին գետին, տեսան հսկայական ջուրը երկու կողմից ճեղքված, մասունքն էլ` ցամաքած տեղում, որից բորբոքված բոց էր ցոլանում դեպի վեր և զարմանալի բույր էր թանձր ծխի նման տարածվում շրջակայքում: Այն մարդիկ համակվեցին ահով ու խնդությամբ. դողում ու թռչկոտելով ցնծում էին` անգին ու անհամեմատելի մարգարտի գյուտից: Մտնելով ջուրը` վերցրին փրկական փայտը և դնելով տուփի մեջ` բերեցին: Իսկ ճգնավորը գնում էր նրանց ետևից` ողբալով ու ու կուրծքը ծեծելով, մինչև որ հուսահատվեց, դառնորեն անիծեց Դլենի տունն ու անցավ գնաց:

Եվ այդ օրվանից ի վեր մասունքը դարձավ այդ տոհմի սեփականությունը` նվերներով մեծարվելով իշխանների ու ժողովրդի կողմից: Հետո աստվածասեր և բարեպաշտ իշխան Ջալալը շինում է Գիշերաձոր անունով մի եկեղեցի և արծաթե պահարան պատրաստելով` հիշյալ մասունքը հաստատում է այնտեղ:

1986

Ավանդազրույցներ

Ասացող՝

-

Գրառող՝

Ստեփանոս Օրբելյան

Վայր/ֆոնդ՝

Սյունիքի պատմություն, էջ 378-379

bottom of page