top of page

ՍՎԱՐԱՆՑ

Պատմում են, որ երբ Լենկ-Թեմուրն ուզում է նվաճել Հայաստանը, մի ծեր զինվոր նրան ասում է. «Ուր ուզում ես գնա, միայն Սյունիք չմտնես»:

- Ինչու՞, - զարմանում է Լենկ-Թեմուրը:

- Այստեղ ճամփա ու կածան բոլորը դեպի ժայռ են տանում,-պատասխանում է ծեր զինվորը: Նրանց տներն էլ քերծում են, բերդերը` ժայռերի գլխին, վանքերը նրանցից էլ բարձր: Ամպերը ցածր են նրանց օջախներից: Նրանց ո´չ նետ կհասնի, ոչ սուր ու թուր:

- Լա~վ,- ասում է Լենկ-Թեմուրը, ես ամենից առաջ նրանց կնվաճեմ:

Եվ հարձակվում է Սյունիքի վրա: Կռվում է մեկ օր, հինգ օր, տասն օր... Սյունեցիները չեն հանձնվում: Ցերեկը ծուխ է բարձրանում նրանց օջախներից, գիշերը վառվում են նրանց կրակները:
Լենկ-Թեմուրը խոստումներ է շռայլում, երդումներ անում: Սյունեցիները չեն հանձնվում: Միայն մի գյուղի մարդիկ ուզում են հանձնվել: Լենկ-Թեմուրը խոստանում է նրանց սրի չքաշել: Գյուղի վարդապետը չի թողնում հանձնվեն: Ինչ անում, չի անում` չեն լսում: Հանձնվում են: Լենկ Թեմուրը նրանց քշում է մի դաշտ, ասում. «Ես խոստացա ձեզ սրի չքաշել: Ես խոսքիս տերն եմ: Բայց ես երդվել եմ ձեզ կենդանի չթողնել»: Եվ հրամայում է մի խանդակ (փոս) փորեն, թաղեն կենդանի: Այդպես էլ անում են: Վարդապետը լսում է այդ մասին, վերցնում է ծխամատյանը, գյուղի հին անունը ջնջում, տեղը գրում` Սև արանց շեն, այսինքն` սև մարդկանց, սևերես արարածների գյուղ: Եվ այդ օրվանից գյուղի հին անունը մոռացվում է, մնում է Սև արանց, որ հետագայում դառնում է Սվարանց:

1962

Ավանդազրույցներ

Ասացող՝

Անդրանիկ Մելիքյան-Սարգսյան (գաղթական Անդրանիկ)

Գրառող՝

Արշալույս Ղազինյան

Վայր/ֆոնդ՝

Գորիսի շրջանի Վերիշեն գյուղ

bottom of page