top of page

ԱՌՈՂՋԱՐԱՐ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ (7)

Ստալինյան թեժ ժամանակներում, երբ ամեն պատահական բառի համար մարդ կարող էր վճարել կյանքով, մի մարդու կանչում են Պետական անվտանգության կոպիտե ու հարցնում.

- Էրեգ հարցի հերթում տու հո՞ւր ես ուշաունց տուվալ:

Վերջինս էլ թե. – Հիտլերի´ն: Բա տու հո՞ւր իր կարծում:

Վախեցած ՊԱԿի աշխատակիցը արագ կտրում է նրա խոսքը. – Քինա´, քինա´, այ մարթ, ա´զադ ես…

***

Էշերը մտնում են կոլխոզի արտը: նախագահը ժողով է անում, որ իշատերերին պատժի ու կարդում որոշումը.

- Մաթևոսյան Պուղի՝ սև էշ՝ տասը մանեթ, Ջհանգիրյան Թևան՝ բոզ էշ՝ քոռակավ՝ տասնըհինգ մանեթ…

***

Մի կակազող մարդ կայարանում մետենում է մի ուրիշ մարդու, որը նույնպես կակազող է լինում ու հարցնում. – Ախպ-պեր, պը-պոեզը քինացալ ա՞…

- Հի-հի-հինգ րը-րոպե ա-առաջ:

Հարցնողը կարծում է, թե դիմացինը իրեն ձեռ է առնում, վերջինիս խփում, գցում է պարսպապատնեշից ներքև, գետի մեջ:

Խեղդվողը կանչում է. – ճ-ճ-օգ-նու-նու-թյու՜ն…

- Շան տըղի իրեսին եշի է, խեղտվում ա, բայց էլի ծերք ա առնում, - մտածում է խփողը:

***

Դատախազը Շամոյին դատապարտում է երեք տարվա բանտարկության:

Վերջին էլ թե. – Էդ վեր յավա-յավա խոսում ես, հո՞վ ա նստիլու է՜…

***

Շամոն Խաչոյին պարտք է լինում, ձգձգում, չի տալիս:

Մի օր Խաչոն թե. – Արա, դատի եմ տուվալ, էքուց կիկյաս ինանք քաղաք:

- Բա վեչ ծի օնեմ, վեչ շոր, հու՞նց կյամ, - պատասխանում է Շամոն:

- Վեչինչ, շորն էլ կտամ, ախպորս ծին էլ: Էքուց խայտառակ կտասռնաս, նոր կգիդաս պարտք չտալը հինչ պան ա: Պարտքս տուր…

Դատարանում պարտք վերցնողը դիմում է դատավորին. – Դատավոր ջան, էս մարթը լրիվ շառ ա: Կըմնա, կըմնա էնպիսի պան կասի, վեր մարթ կըզըրմանա: Ես ուրան վեչ մի պան պարտք չեմ, բայց դուզ մի տարի ա ասում ա՝ պարտքս տո´ւր:

Զարմացած պարտքատերը թե. – Ա´յ աննամուս, էն պարտք եր օնողը տո՞ւ չիր…

- Պնդրեմ, հինգեր դադավեր, - հեգնում է Շամոն, մհեկ ըսիլու ա թա էդ կեցիդ շորերն էլ ա իմը, տակիդ ծին էլ…

- Ա´ա, խե՞, իմը չե՞ն, - ավելի է զայրանում Խաչոն:

Ապակողմնորոշված դատավորը դիմելով պարտատիրոջը՝ ասում է. – Քաղաքացի´, քանի չեմ զայրացել, շուտ ազատիր դահլիճը:

***

Շամոն ու իր տասը տարեկան տղան վերադառնում էին հարևան գյուղից:

Ճանապարհին մութը վրա է հասնում և վախեցած հայրը որդուն, թե. – Բա´լա ջան, հինչքան օժ ունես՝ հաչա, վեր ջանավարը մուտանա վեչ:

- Չէ, պապա, ես վեր հաչամ, գյիդալու են, թա թուլա յա, տո´ւ հաչա:

***

Փչան Շամոն ընկերների շրջանում պատմում է դեսց-դենից ու պատմածները հաստատելու համար՝ վկայակոչում թերթերը ռադիոն:

Մի անգամ էլ ընկերներից մեկը թե. – Ա´յ Շամո, ախըր մենք էլ ենք թերթ կարթում, ռադյո լսում, էդ հո՞ւնց ա, վեր պատմածներադ վեշ մընը մեզ ծա´նոթ չի:

- Ա´ խելունք, բա տու գյուդում չե՞ս, վեր ես ճապոնական ժուռնալ եմ ստանում:

- Բա ճապոներեն գյուդում ե՞ս:

- Ա՜ միամիտ, նույն չինարենն ա, էլի, - ամենագետի կեցվածք ընդունած պատասխանում է Շամոն:

***

Շրջկենտրոնից եկած մարդիկ քեֆ են անում գյուղի դաշտում ու հրավիրում նաև Պետոյին, որն էշով անցնում էր նրանց մոտով:

Քիչ անց մեկը բաժակ է բարձրացնում, ու. – Պե´տո, էս բաժակով խմում եմ էշիդ կենացը:

Պետոն էլ թե. – Ես էլ եմ խմում իմ էշիս կենացը, վեր սըհենց արժանավոր շրջապատ օնի:

***

Պետոն, որի երկու ոտքը պրոտեզ էր, մի օր էշով գալիս է շինհրապարակ, որտեղ տախտակներ էին խառնիխուռն ընկած՝ ցից մեխերով:

Կատակելով շինարարների հետ՝ նա մոտ կանգնած մի տասը տարեկան տղայի էշի սանձը մեկնելով՝ ասում է. – Ա´ խոխա, մըն հինգերիտ տա´ր, ծառան կապի:

Երեխան էլ թե. – Պե´տո դադայ, եշի վենդըտ մեխը ծակի վեչ:

***

Պետոն էշը նստած անցնում է գյուղամիջով: Մեքենայով անցնող տղաները, ձեռ առնելով, դիմում են նրան.

- Պե´տո, էրկու լիտր բենզին տուր, տեղ հըսնենք:

Պետոն բարձրացնում է էշի պոչը և հետույքը ցույց տալով՝ ասում. – Տըղե´րք, տեսնում չե՞ք, նոլի վիրա յա:

***

Մայրաքաղաքից լրագրող է գալիս գյուղ և հարցնում կեսատ Պետոյին. – Հայրի´կ, ո՞նց եք ապրում, խանութում կարագ, միաս կա՞…

- Հա´, ամեն ինչ կա, լավ էլ ապրում ենք:

Լրագրողը կասկածամտորեն նայում է նորից է հարցնում. – Հայրի´կ, դուք թերթ, բան կարդում ե՞ք…

- Ա´րա, հինչ վեր ըսեցի, քու ասած թերթան ըսեցի էլի:

***

Մի պաշտոնյա, ձեռ առնելով Պետոյին, հարցնում է. – Պե´տո, էդ հու՞նց ես անում, վեր քեզ մինակ տղերք ես ունում:

- Շատ հասարակ: Կընգանըտ, մըն էլ մի խոռնը խոտ կպիրես՝ կասեմ:

- Ա´յ տղա, կընեկս՝ հասկացա, բախո՞տը հինչի հետի…

- Տու խոտը կոտես, մինչև ես տըղադ պըդրաստեմ, - պատասխանում է Պետոն:

-

***

Վաղոյի փեսան վթարի էր ենթարկվել: Աներ ու զոքանչ գնացին տեսության:

Զոքանչը խրատների ու քարոզների կարկուտ թափեց փեսայի գլխին, իսկ հետո էլ ամուսնուն թե. – Ա´ տնաշեն, խե չե՞ս մի էրկու բան էլ տու ասում:

- Կնե´կ, էլ բառարանում բառ ես թողել, վեր ասեմ…

***

Երկար ժամանակ տեղաշոր ընկած ծեր ու հիվանդ մայրը դիմեց որդուն. – Ա´ բալա, էս տարի օզում չեմ մեռնեմ:

- Խե՞, էն մի տարի ուզալու ե՞ս, - պատասխանեց Վաղոն:

***

Պատահական հանդիպումից հետո, մի բան ասած լինելու համար, մի պաշտոնավոր հարցնում է իր համադասարանցի աղքատ ընկերոջը, որի ծնողները վաղուց էին մահացել.

- Վա´ղո, մամատ, պապատ հո՞ւնց են…

Վաղոն էլ թե. – Ընկե´ր Սիմոնյան, էն ըշխարան ես կյա՞մ:

***

Հարևանի փոքր տղա ցանկանում է Վանես դայու էշը նստել, ման գալ:

- Վանես դայի, էշը հոր ա՞:

- Բա´լա ջան, հաները մեռալ ա, քինացալ ա թաղման:

***

Վանես դային երկու այծ ուներ: սրանք ամեն երեկո, արոտից հետո, գալիս, մնում էին հարևանի բակում:

Վանես դային ինքնիրեն, թե. – Էս անդեր իծերը հենց են կիր ըրած ինեն: Ամեն ուրուգյու պիտի աղ ու հացավ քինաս ըռըչնին, վեր կան տոն:

***

Բակ մտնելու պահին էշը խրտնում է հանկարծակի հայտնված աքլորից:

Վանես դային թե. – Անդեր, վախում ես վերցակը քացի՞ տա…

***

Վանես դային էշը նստած գնում է փայտի: Հանկարծ մի ուրիշ էշ է երևում և Վանես դայու էշը սկսում է ընդհատումներով զռռալ:

- Անդեր, նոտաներավ ես երգո՞ւմ, - դժգոհում է տերը:

***

Վանես դային դիմում է մի տգեղ աղջկա հոր. – Ա´ տնաշեն, էդ քիշեր ճաղաց քինայիր էլի՜…

***

Ալում ապերը խանութից ստանումէ իր ընտանիքին հասանելիք պանիրը և ճանապարհվում տուն: Մինչև տուն հասնելը հինգ-վեց շուն հարձակվում են խեղճ մարդու վրա: ստիպված ամեն շան մի կտոր պանիր է շպրտում ու մի կերպ տուն հասնում:

Կինը հարցնում է. – Ա´յ մարթ, բա պանիրը ստացալ չե՞ս…

- Ստացալ եմ:

- Բա հո՞ր ա…

- Ա՝յ կինեկ, շըներին պիժանելավ եկի, հալա Հումունց շանն էլ պարտք մնացի:

***

Ալում ապերը էշը նստած մի վերելքով բարձրանում էր: Մեքենայով անցնող գյուղի նախագահը նկատելով նրան՝ կանգնեցնում է մեքենան և Ալում ապոր հոգու հետ խաղալու նպատակով՝ կանչում.

- Ա՜ հիլիվեր, էդ դիքումը խե՞ ես նըստալ իշին, մեղք չի՞:

- Է՜, հինգեր նախագա, գուցե իշին հետի սհենց ավելի լավ ա, շատ ե՞ս իշոթուն ըրալ:

***

Ալում ապոր մեծ աղջկա հարսանիքին սեղանին դրված զտած պանիրը ոչ ոք չէր ուտում:

Ալումը թե. – Ա´ կնեկ, էս պանիրը տար ածի պուլիկը, էն մի աղճըկադ հըրընքավը նորից կըտինես:

***

Ալում ապերը հանդիպում է Սիմոն դայուն. – Շտե՞ղ ես քյունում, Սիմոն:

- Գերեզմանատուն:

- Ա´րա, խե՞ էդքան շոտ:

***

Սիմոնը տեսնում է որ Ալում ապերը անընդհատ հազում է, խորհուրդ է տալիս. – Ա´լում ապեր, պապրոզը թա´րգ ըրա:

- Խե՞, ա´ բալա:

- Ախըր փիս ես հազում. – ասում է Սիոնը:

- Տընաշեն, հիցուն տարի ա հազում եմ, էլի փիս եմ հազո՞ւմ:

***

Կայան աքերը գող կատվից ազատվելու հույսով վերջինիս տանում է դաշտում բաց թողնում: Կատուն վազում է դեպի գյուղ:

- Կայա´ն, , ա´յ Կայան, - կանչում է Ալում ապերը, - կատուն քինաց տն, պիլանին տուվալ ես ուրա՞ն…

***

Խաչոն հիվանդանում ու գնում է բժշկի մոտ:

Բժիշկը թե. – Հայրի´կ, ճիճու ունե՞ք:

- Մեզ ըգյորա օնեք, քե մատաղ:

- Իսկ գա՞զ, գազեր ունե՞ք:

- Չէ՜, պըրծա´լ ա, փիչը մազութավ եք էրում:

***

Խմած, հազիվ ոտքի վրա մնացող Խաչոն մտնում է ընկերոջ տուն ու դեմը ելած փոքրիկ երեխային հարցնում. – Բալիկ ջան, քանի՞տըրեկան ես:

- Հինգ, - պատասխանում է երեխան:

- Ապրես է՜, թե չէ լըկուտնի կան, ասում են՝ վեց, յոթ…

***

Խաչոն հաճախակի ծեծում էր կնոջը: Մի օր կինը որոշում է կատարել ամուսնու բոլոր քմահաճույքները, որպեսզի ծեծ չուտի:

Երբ Խաչոն վերադառնում է աշխատանքից և նկատում, որ ամեն բան տեղին է, կնոջը թե. – Մի ե´րգ երգի:

Կինը երգում է:

- Մի հատ էլ՝ ոտանավո´ր ասի:

Կինը կրկին հնազանդվում է:

- Շան նման հաչա…

Երբ կինը հաչում է, նպատակին հասած Խաչոն թե. – Հի՞նչ, տո՞ւ ինձ յերա հաչա՞ս… ես քու…

***

Մեկը հյուր է ընկնում Խաչոյի տուն: Կինը տոլմա է եփում, դնում սեղանին ու սկսում են ճաշել:

Քիչ անց Խաչոն տանտիրոջ պարտավորությամբ դիմում է հյուրին. – Ա´խպեր, կե´ր, հըմա´նչում իլ:

Հյուրն էլ թե. – կերա, արդեն չորս հատ կերալ եմ, հե´րիք ա:

- Ա´յ մարթ, առաջինը՝ չորսը չես կերալ, այլ՝ վեցը, երկրորդն էլ՝ հուվ ա՞ հաշվում, կե´ր:

***

Կռվան Խաչոն մի էշ է գողանում ու մյուս օրը ծեգին տանում շուկա՝ վաճառելու: Մի քանի ժամ սպասելուց հետո հանկարծ շրջվում ու նկատում է, որ էշը տարել են: Քոռ ու փոշման վերադառնում է տուն:

Կինը թե. – էշը ծախեցի՞ր:

- Հա´:

- Հի՞նչ տըվին:

- Ուրան գինը:

***

Կռվան Խաչոն երեկոյան աշխատանքից վերադառնում է տուն ու պատմում կնոջը. – Ա´ կնեկ, բա ա´սում չես, էսօր նախագին նըհետ կըռվեցի:

- Հո՞ւնց:

- Ինքն ասեց, ես ասեցի, ինքն ասեց, ես ասեցի…

- Ա´յ մարթ, յանի պատասխանը տուվի՞ր…

- Ա չէ է՜, խե էդքան միամիտ ե՞մ. ինքը պացուր ասեց, ես՝ մըտքումս:

2023

Զվարճապատումներ

Ասացող՝

Սուրեն Գրիգորյան

Գրառող՝

Գոհար Մելիքյան

Վայր/ֆոնդ՝

Կապան

bottom of page