top of page

ԿԱՊԱՆԻ ԶՎԱՐՃԱՊԱՏՈՒՄՆԵՐ

***

 

Ներքին Հանդում երեք աղջիկներ կային, որոնց անունները Համլետ էին դրել: Հանճարեղ Շեքսպիրի ստեղծագործության արքայազն Համլետի անունը այնքան էր տարածվել, որ աղջկա վրա էլ էին դրել:

Հանդեցի երևանաբնակ Ղանաթելը ամռանը հաճախ էր գալիս գյուղ: Մի ամառ եկել էր և հետը բերել էր իր փոքրիկ տղային՝ Համլետին: Նույն անունը կրող աղջիկներից մեկը մի օր այդ երեխայի հետ զրուցելիս հարցնում է անունը և երբ իմանում է, զարմանում է:

- Պա, տղայի անըմը Համլետ կինի՞:

Երեխան գնում, մորը գանգատվում է, թե ինչու են իրեն աղջկա անուն դրել:

 

 

***

Գևորգանց Առուստամ ապերը գյուղում մի փոքրիկ խանութ է բացում: Դեսից դենից ծախում էր կամ դրա դիմաց այլ ապրանքով փոխանակում: Շատ ժամանակ ապրանքը տալիս էր ապառիկ, թողնելով գյուղացիների խղճին, թե երբ պարտքը կբերեն: Բայց քանի որ անգրագետ մարդ էր, գրել, կարդալուց հեռու, մոռանում էր, թե ում ինչ է տվել և ինչքան է տվել: Մի օր գյուղի հայտնի դարբին Մարգարուց Զաքարան խանութ է բացում:

- Առուստա՜մ, մի փութ կորեկ տուր, աշունքը մի չանող (10կգ) ավել կտամ:

- Արի տար, Զաքարա՜, տար թող խոխեքթ օտին:

Զաքարան մի փութ կորեկը վերցնում տանում է տուն:

Աշունն արդեն վերջանալու վրա էր, մարդիկ բերքը հավաքել էին, ձմեռվա պաշարը կուտակել և Վանուց կտրին, քարերին նստած զրուցում էին, պատմություններ պատմում:

- Իսաջան,- իր փեսային է դիմում Առուստամ ապերը,- էն կորեկը լա՜վ է՞ր, դոր տարար էրեխեքը կերան, պա հինչի՞ չես պերում:

- Հի՞նչ կորեկ, ա՜յ ապեր:

- Էն կորեկն էլի, որ կյարունքը մի փութ տարալ ըս, որ աշունքը մի չանաղ ավել պերիս:

- Ապեր, էս կորեկ չըմ տարալ, իմ արև, Թևանի արև:

- Քեզ ըմ տվալ, քըզա’’նա ա’’լ օզում ըմ, շուտ րա, քինիկորեկս պեր:

Այսպես իրար հետ վիճում են, բանը քիչ է մնում հասնի կռվի, իսկ դարբին Զաքարան, որ վեճին ներկա էր, լուռ նայում էր ու ծիծաղում: Վեճին խառնվում են գյուղացիները:

- Իսաջան, Առուստամը սուտ չի ասում, համոթ ա, փեսա, հաներ մարդ ըք, մի փութ կորեկն հինչ ա’’, վըր հուջաթ ըք տամ:

Իսաջանը ամոթից ստիպված է լինում՝ գնալ կորեկը բերել, տալ Առուստամին:

Անցնում են տարիներ, էլի աշնան մի օր գյուղացիները կտրին արևկող են անում ու զրուցում: Զաքարան մոտենում է Առուստամին ու ասում՝ ապե՜ր էն կորեկը, որ յխըբողազ ըս ըրալ, Իսաջանա իք կա’’լա’’լ, էն կորեկըես ըմ տարալ:

- Պա վեր էթքան արթար ըս, էն վախտ խե՞ չըս լալ ասում, դե խոսե:

Զաքարան լուռ ժպտում է և չի պատասխանում:

 

***

Առուստամ ապերը և Բադանուց Խաչատուրը իրար հետ վիճում են: Առուստամը Խաչատուրին է ասում՝ վախկոտ ըս, Խաչատուրը ՝ Առուստամին:

Աշնան մի օր երկու ընկերներով հրացաններն առած որսի են գնում: Գնում հասնում են Կռկլավեն քարը (ագռավ), որտեղ յոթ ակունք ունեցող մի աղբյուր կար:

- Առուստա՜մ, տու’’ կամաց երե պցրաց, ես ճո’’ւր խմիմ կյամ:

Խաչատուրը հրացանը ձեռքին կռանում է, որ ջուր խմի, մեկ էլ նկատում է, որ իր դիմաց, առջևի երկու ոտքերը բարձրացած կանգնել է մի մեծ արջ:

Արջը կարծես սպասում էր, որ Խաչատուրը ջուր խմի, ուերբ գլուխը վեր բարձրացրեց, թաթով հարվածի: Խաչատուրը այդ դրությունը տեսնելով, ոչ կարողանում է ջուր խմել, ոչ էլ գլուխը բարձրացնել, քարացած սպասում էրարջի անելիքին: Այսպես, մի քանի րոպե անշարժ մնալով, արջը տեսնելով, որ մարդը չի շարժվում, թքում, հեռանում է:Այդ պահին վեր է կենում տեղից, որ կրակի արջի վրա, մեկ էլ լսում է ընկերոջ կրակոցը ու տեսնում տապալվող արջին:

- Վա՜յ, թքեմ ես քեզ նման ընկերոջ իրեսին, խե չես լա’’լ շո’’ւտ կըրակում:

- Ես քեզ փորձում էի, տեսնամ վախկոտ ըս թա’’ չէ,-պատասխանում է Առուստամը:

 

***

Խաչատուր և Ղազար ապերները եղել են խորթ եղբայրներ, բայց իրար շատ հարազատ էին և գրեթե՝ հասակակիցներ:

Ղազարը եղբորն ասում է, «Դու տանը մնա, տնտեսության գործերը կատարի, ես էլ՝ վարուցանքի, բերքահավաքի գործերը»:

- Խաչատուր, Բերդաղա արտի կյարին (գարին) թափվում ա, արի էքուց կանուխ, հնձինք պերիք:

Առավոտը մինչև արևը ծագելը գնում են դաշտ ու սկսում եռանդով հնձել:

Կեսօրին նստում են հաց ուտելու և մի քիչ հանգստանում են: Հետո նորից հնձում, բայց շոգը նեղում է, չեն կարողանումիրենց պայմանավորված քանակով հնձել:

- Ղազար, ես խղդվում ըմ, արևը էրո’’ւմ ա, եք քինիք կյետը լղանաք:

Երկուսով հասնում են գետին, շորերը հանում ու մտնում ջուրը: Ղազարը Խաչատուրից ավելի աշխատասեր ու դիմացկուն էր և զարմանում էր, որ եղբայրը ծանր աշխատանքից միշտ խույս էր տալիս, ձևացնում, թե շատ է հոգնել:

- Զաքար, քինի արտը պեր ստեղ է, տես հունց ըմ հնձում,- եղբորն է դիմում Խաչատուրը և ձեռքերը ետ ու առաջ տանում, իբրև թե հնձում է արտը:

 

***

Մի անգամ հարևան ադրբեջանական գյուղից Խաչատուր ա’’մո’’ւն ծանոթ թուրքը մի պարկ կտրտած տրեխացու կաշի է բերում, որ գյուղում վաճառի: Թուրքը պարկը դնում է պատշգամբում, և դարբնոցում զրուցում են (Խաչատուրը գյուղի լավ դարբիններից էր): Զրուցում, թեյ են խմում, բայց թուրքը ուշքը պատշգամբի կաշվի վրա էր:

Խաչատուրի եղբայրը՝ Ղազարը, մտնում է պատշգամբ, նայում ու դուրս գնում, բայց թուրքը տեսնում է, որ, Ղազարը գնալիս ձեռքին ոչինչ չկար: Խաչատուրը հարցնում է թուրքին.

- Հեյդար քիրվա՞, խեր ըլի, որ եկել ես, ի՞նչ ես բերել:

- Քիրվա Խաչատուր, գոմշի կաշի է՝ կտրտած տրեխներ:

Ասում է ու ցույց տալիս իր ծանոթին ու հետն էլ հաշվում:

- Խաչատու՜ր քիրվա, վալահ մի ջուխտ տրեխացու կաշին չկա, ախր էս ով եկավ, Ղազարն էլ գնաց, բայց ձեռքին կաշի չկար:

- Պա՜, քու տոնը քանդվե, Ղազար, էթ հու՞նցըս կաշին տարալ, որ թորքը հասկացալ չի,- դա ասում է հայերեն, որ իր քիրվան չիմանա:

Ղազարը պատշգամբ մտնելիս արագ մի զույգ տրեխացու է թռցնում ու պատշգամբից ներքև գցում, հետո իջնում, վերցնում ու գնում իրա գործին:

 

***

Ղազար ապերը վերին աստիճանի աշխատասեր ու պինդ մարդ էր: Նա չգիտեր ինչ բան է հոգնելը, օրվա մեջ քսան ժամ կարող էր աշխատել, և ինչ որ ստեղծել էր, շնորհիվ իր տքնաջան աշխատանքի: Նրա ձեռքերը այնքան կոշտ էին ու ճաքճքած, որ ջորու մեջքին էր քսում, ջորին մեջքը կզացնում էր, բայց ձեռքից մաքուր չէր, որտեղով անցներ, մի բան պիտի թռցներ: Խնդրում ենք նրա թոռներին ու ծոռներին՝ չնեղանան նրա մասին այսպես գրելով, դեռ մի բան էլ պակաս ենք ներկայացնում: Նրա անմաքուր ձեռք ունենալը ամենից շատ դուր չէր գալիս հենց իր եղբայր Խաչատուրին, որը միշտ հանդիմանում էր:

Աշնանացանի ժամանակներն էին, Փերզադ բիբու գոմի գերանի ծայրին աքլորը միշտ թառ էր լինում և լուսաբացին կանչում: Փերզադն էլ Ղազարի հորեղբոր տղայի՝ Հակոբջանի կինն էր, փաստորեն բարեկամներ էին:

Ղազարը մտքում դնում է Փերզադի աքլորը գողանա:

- Փերզադ, էն վերցակը քուվն է, էն վեր կյո’’ւմեն կերանեն յրա թառ անում: Քցի կյո’’ւմը, հոտաղ-մոտաղ անց կենալաաիս կըկյուղանա, ափսոսա, խուխատար ըս:

- Ամի՜, քու խերը շտանա, հոտուղը հի՞նչ ա գյո’’ւդո’’ւմ, որ ընդեղ վըերցավ կա, տու ըրխային կաց:

- Դե բալա, ես ըսիս ըմ, վերսայաղ կենաս, կյուղանան վեչ: Երկու օրից աքլորը այլևս չկար:

Աքլորի անհետանալու օրը Ղազար ամին ասում է.

- Փերզա՜դ, էս լուսապեցին վըերցուկը կանչալ չի, կարող ա կյու՞ղացալ ըն:

- Ամի՜, ես ալ չըմ սասը լսալ: Եվ գնում է տեսնում, որ աքլորը չկա: Համոզված լինելով, որ գողացողը Ղազար ամին է՝ իր բարեկամը, ակսում է անիծել:

 

***

Ըռնաձոր գյուղի ոչխարը ձմեռնամուտին գյուղի միջով գալիս իջնում է Բասուտա գետի ներքևի ձմեռանոցները, ոչխարը անցնում էր Ղազար ամու տան առջևի ճանապարհով: Ամին մտնում է գոմը, դուռը բաց անում, երկու ոչխար քաշում ներս, դուռը փակում և սկսում մորթելը: Ոչխարի հոտը գյուղից մի երկու կիլոմետր հեռանալուց հետո հաշվում են և տեսնում, որ երկուսը չկան: Վերադառնում են գյուղ՝ համոզված լինելով, որ ոչխարները անհետացել են, ով որ բռնել է, թող բաց թողնի: Նման բան անում էին և թուրքերը՝ սարերից գողանալով մեր ոչխարները: Գյուղում հավաքված մարդիկ ասում են՝ թե ամոթ է, հարևան գյուղացիներ ենք, միասին սար ենք գնում, իրար հետ հաց ենք կտրում, թե գողացել եք տվեք տիրոջը: Դրանց մեջ է լինում նաև Ղազար ամին.

- Այ խալխ, թե փռնել մորթել եք, սխալ եք արել, կարող է ոչխարը հղի էր, հղի անասուն մորթելը մեղք գործ ա: Նրա այս խոսքի վրա գյուղի քյոխվան մարդիկ ուղարկեց Ղազար ամու գոմը և ինչ տեսան, որ ոչխարները մորթել է միսը կախել: Դրա փոխարեն նրանից երկու հղի ոչխար վերցրին, տվեցին թուրք հովիվներին:

 

***

Ամռան մի օր, լուսաբացին Հուբուց Սիմոնը գնում էր իր արտը հնձելու: Նրա ճանապարհը անցնում էր Ղազար ապոր տան կտուրով: Ղազար ապերը կանգնել էր գոմի կտրին, երբ Սիմոնը մոտեցավիրեն ու բարևեց:

- Սիմոն պելի, (քավոր) էդ շտե՞ղ ըս քյո’’ւնո’’ւմ:

- Ապեր քյո’’ւնում ըմ արտը հնձիմ:

- Արա, պա գիդա’’ցա’’լ չըս, քշերս մի կյուլ (գայլ) ա յրու տվալ, ծեր ղօլեն մի բոզ (սպիտակավուն) էծ լալ, թաքա (արու այծ) յեր ա կա’’լալ դլլաքաց տան քմակավր, Ուսուց տան ըռըչկավը անց կացալ բիդի մոշի բաղերը: Հեռու չի նիլ, հենակինի Դամուրչուցնա մինալ Ուուց Բաղեն ղաթը մը: Էծեն խռխռոցը տաղան լա’’լ կա’’ս:

Սիմոնը նախ գնում է գոմը ստուգելու, թե իր մի այծը պակաս է, թե չէ և տեսնելով, որ իրոք չկա, գնում է Ղազար ապոր ասած տեղը տեսնում այծը մորթած է, գլուխն ու ոտքերը թողած, իսկ միսը տարած: Իհարկե, եթե գայլը տարած լիներ կպատառոտեր, կաշին ու ոսկորները կթողեր տեղում: Զարմանալի մարդ էր Ղազար ամին, գողանալուց առաջ և հետո տիրոջը այնպես էր իմաց տալիս կատարվածի մասին, որ ապրանքատիրոջ մոտ կասկած չէր մնում, թե ով է գողացել: Կարելի է ասել, որ Ղազար ամին ազնիվ գող էր, չէր թողնում, որ գողացածի հետևից շատ ման գան:

 

***

Գյուղում նոր էր կոլեկտիվացումը սկսվել, և հանդենցիների մեծ մասը դիմել էր կոլտնտեսություն մտնելու: Մտել էին նաև Ղազար ա’’մու երկու տղաները՝ Մուշեղը և Հմայակը, որոնցից մեկը կոմունիստ էր, մյուսը՝ կոմերիտական: Սակայն Ղազարը համառում էր, չէր ուզում:

- Փերզադ բիբի, ախր են քարը կլխեն ընգած հլո’’ւվո’’ւրը օզում չի կոլխոզ մտնե, կազմակերպողը մուք ըք, համա մեզ լսում չի, ասում ա՝ օ’’զում չըմ, տուք ալ ծեր կոլխոզն ալ: Համ բարեկամ ենք, համ էլ հրեվան, թա’’ կարում ըս, մի պեն ըրա, համոզի:

- Բալա, Մուշեղ, տըսնամ կարիմ մի պեն անիմ,- ասում է Փերզադը:

Ձմեռվա մի արևոտ օր Ղազար ապերը նստել էր իրենց տան պատի մոտ մի քարի և վայելում էր արևի մեղմ տաքությունը:

Փերզադ նանեն տեսնում է ու գնում կողքին նստում:

- Պարյոր, Ղազար ա’’մի, հինչը՞ս մտծիս, հու՞նց կինի մըր վերջը:

- Փերզադ, ստի վեր ես ըմ տըսնաս, վերջը լավ չի ընական:

- Այ ամի, ես քեզ յրա զարմանում եմ, տու ուխտանասունհենգ-ութանասն տարեկան մարթ ըս, ես ալ 60-65 տարեկան կնեգ, ալ մըզ ըշխադել չի սազում: Աստված պահե մըեր տղեքեն, թող ուրաք ըշխադին, մաք ալ օտիք:

- Է՜, Փերզա՜դ, խոսում ըս ալի, էլ գուդում չըս, թա վերջը հի՞նչ ա ընական, մի մարթ, որ ոչ հող օնե, ոչ եզնը, ոչ կավ, էթ մարթը լավ կապրէ՞: Խնեցեքը չուրունալու ըն, լելակնեն (չղջիկները), մեչըպո’’ւն ըն շինական, մերթոռներն ալ կրուշկան ծեքներեն շոռ ըն կալու, որ կաթ, յա թան տա կոլխոզը, վեր խմին:

- Ղազար ամի՜, սխալս ըսիս, շենումը մի 400 ծնած կավ կա, էրկու սուրու ոչխար ու էծ, կաթը հինչ ա՞, վըր ինի վեչ: Մուքալ պառավ մարդիք ըք, տու դրապի պալտոնը քցե ուսերեթ, ես ալ սպիտակ լեչակը քցիմ, թազա չումուշկներն ալ կյենամ, դինջ ապրինք, աստված մըեր տղեքեն պահե:

- Փեզադ, սո’’րուն ըս ըսիս, պա կոլխոզ մտնողը կարա՞ լավ ապրե:

- Շատ լավալ ըպրիլական ընք, մեր տղեքը մըզ թաքավերի նման ըն պհլական: Համոթ ա, համոթ, գոնե քո տղեքի խաթեր մտե կոլխոզ:

- Փերզադ բիբին կարողացավ համոզել Ղազար ա’’մուն, և նա մտավ կոլխոզ, իրեն էլ նշանակեցին կոլխոզի ջրաղացպան: 1931-ցվին կոլխոզի գործերը լավ էին ընթանում, առատ բերք ստացվեց, բայց երկու տարի հետո անբարենպաստ եղանակների պատճառով հացահատիկը խիստ պակաս էր,մարդիկ հացի խիստ նեղություն էին քաշում: Մի օր Փերզադ նանան մի քիչ կորեկ, մի քիչ գարի, եգիպտացորենի ծեծած չոչան (կողրը) իրար խառնած մի պարկի մեջ տանում է ջաղաց: Ջաղացում աղուն աղացող չկար: Ղազար ա’’մին էլ մի հին վերարկու հագած, ալյուրոտ ու փոշեթաթախ նստել էր ջաղացի դռանը:

- Պարյոր, ամի, ճեղացը հերթ ա՞,- հա, հերթ ա, ուրար կլոխըն կոտրում: Աղունը լցրին և սկսեցին զրուցել:

- Փերզադ, էս իմ դրաբե պալտոն,- ցույց է տալիս իր փոշեկոլոլ ու հնամաշ վերարկուն,- էթ ալ քու լեչակն ու չմուշկները,- մատնացույց անելով նրա կարկատած տրեխները:

- Աստված քարը կլխեթ քցե, Լենինի քուրն ըս լա տեռած, ագիտացիա իս ընիս՝ ամի, մտե կոլխոզ, լավ ա ընելու, էս ա՞ քու լավը: Այդ ժամանակվանից էլ Փերզադ նանուն ասում էին «Լենինի քուրը»:

 

***

Կոլխոզի առաջին հաշվապահը եղել է Բեխ գյուղացիԱվանես Փարսադանյանը: Նա ապրում էր Ղազար ապոր տանը: Կոլխոզի վարչությունը որոշել էր Ավանեսին օրական կես լիտր կաթ տալ, որ առավոտները խմի: Ղանաթելը՝ Ղազար ապոր հարսը, ամեն օր գնում էր կաթը բերում, տաքացնում, որ հաշվապահը խմի: Մի օր կաթը եռացնում է, դնում է սեղանին, և կատուն թռչւմ է կաթը թափում:

Ղազարի թոռը՝ Ազնիվը, տեսնում է և վազելով գալիս է պապու մոտ:

- Պապի, կատուն Ավանես դայու կաթը վեր ա ածալ:

- Պա Ավանեսը երա կնական ցեթս ա՞ խմլական,- պատասխանում է Ղազար ապերը:

 

***

Մի անգամ Զաքարա ապան ընկերներով գնում է որսի, անտառում թփերի տակ, կաշվե պարկի մեջ ահագին պանիր են գտնում: Երևի սար գնացող, կամ սարից եկող թուրքերն էին թաքցրել, որ վերադարձին տուն տանեն: Պանիրը բաժանում են ջորս հոգու մեջ, և ամեն մեկին համարյա չորս-հինգ կիլոգրամ պանիր է ընկնում: Ոչխարի լավ պանիր է լինում: Ընկերները և Զաքարա ապան սկսում են պանիր ուտել: Համ զրուցելուվ քայլում են, համ էլ պանիր ուտում: Մի կես ժամ հետոԶաքրա ապան խնդրում է ընկերներին.

- Ինձ մի պատառ պանիր կտա՞ք:

Ընկերները կարծում են, թե կատակ է անում, որ նա չորս-հինգ կիլո պանիրը ոնց է կես ժամում կերել և իրենցից էլ պանիր է ուզում, այն դեպքում, երբ նրանցից ոչ մեկը կես կիլոգրամ էլ չէր կերել, և սկսում են ծիծաղել նրա վրա: Եվ գյուղում, երբ պատմում են Զաքարա ապու այդքան պանիր ուտելու մասին, Ղազար ամին, որ ինքն էլ լավ ուտող էր, ասում է.

- Տոնթ շինվե, Զքարա, էթ հո մի հրսանիքի պանիր ըս կերալ:

 

***

Հայրենական պատերազմի տարիներին և դրանից առաջ օճառ չէր գտնվում, և մարդիկ իրենց շորերը լվանում էին կամ մոխրաջրով, կամ էլ թոնիրը վառում, հաց էին թխում, դրանից հետո շորերը տանում թափ էին տալիս դեռ տաք թոնրի մեջ և եթե դրանց մեջ ոջիլ, լու կամ այլ պարազիտներ էին լինում, այ՛րվում, ոչնչանում էին:

Մի օր իրենց Զաքարա ապուց թոնիրը վառած են լինում, և հաց թխելուց հետո կինը գալիս ասում է.

- Զաքարա, քանե թոները տաք ա, շորերթ հանե մտե տեղը, տանիմ թափ տամ, կարող ա մեջին ոչիլ մոչիլ կա:

Զաքարա ապան ներքնաշորերը հանում, տալիս է կնոջը, նա էլ տանում թափ է տալիս, բերում: Երբ Զաքարան հագնում է, զգում է, որ փոխանը՝ ոտաշորը շատ սեղմում է, մտածում է, որ կարող է շորը տաք թոնրում թափ տալիս կուչ է եկել, կանչում է կնոջը:

- Այ կնեգ, ախր փոխանս շատ հոփ ա տամ, թափ տալիս հո ուրիշ մարդ ալ չի շոր թափ տվալ:

- Հա, հի՞նչ կա որ, մեր հիվաններեն կնանիքն ալ ըն թափ տվալ:

- Պա՜, քու խերը շտանա,- քահ, քահ ծիծաղում է Զաքարա ապան,- էս հո ուրիշի փոխան ըս պերալ:

- Պահո՜, զարմանում է կինը՝ նայելով ամուսնու հագած շորին,- էթ հո Անուշկե փոխանն ա:

Ու տանում է շորը փոխում:

***

Բադալ ապերը գնում է Թունուց Սաքու տունը՝ մեկ փթանոց կշռաքարը բերի, որ ցորեն կշռի: Կշռում, վերջացնում է և կշռաքարը հետ է տանում, որ տիրոջը տա: Ճանապարհը անցնում էր Աղաջանաց տան կտուրի վրայով, հենց կտուտին, որտեղ հուրթն է ( տան օդանցքը) կանգնում է, որ շորերը թափ տա, փթանոցը թևի տակից սահում և հուրթից ընկնում է ցած, ուղիղ օդանցքի տակ օջախի կրակին դրած կաթսայի վրա, և պղնձե կաթսան ջարդում, և ճաշը թափում: Ճիշտ է, նա համագյուղացու վնասը հատուցում է, բայց որ ձախորդ Փանոս էր, գյուղում բոլորը գիտեին:

 

***

Հերթական ձախորդությունից հետո, դժգոհելով, իրեն – իրեն խոսելով՝ Բադալ ապերը գնում էեղբոր՝ Միրզայի մոտ, որ պատմի գլխին եկածը:

- Այ Միրզա, այ ախպեր, պա տի պեն կինի, ես ամեն հինչ անըմ ում, որ գործսլավ նի, համա տեսնում չի:

- Ասե, տըսնամ հի՞նչ ա պատահած, Բադալ, ր էթքան վառված խոսըմ ըս:

- Էն անդեր մնացած Փարուց բաղըմը իրեք տախտ լոբի ըմ լալ ցանած, քինիմ տըսնամ տորաըն եկած, կլոխները կեռ-կեռ, օզալ ըմ լալ դուզցնիմ, կոտրալ ըն, սաղ լոբին մաղբում ըմ ըրա (փչացրել եմ):

- Պա քու խերը շտանա, Բադալ, պա տի պեն կանին, տու գուդում չըս, որ լոբի տուս ա կյամ, ըլկան կեռ-կեռ ա ընում, հետան ուրան-ուրան դզվում ա:

- Այ մեծ ախպեր, դե շուտ ասեիր ալի, ես ինչ գիդամ, որ կեռ լոբին կդիզվի, ամագըս կորալ ա:

 

***

Պուղուց Բալասան ապերը հիվանդացել էր, գյուղում էլ բժիշկ չկար, պետք է տանեին շրջկենտրոն՝ Կապան քաղաքի էիվանդանոցը: Դե քանի որ այն ժամանակ ոչ ավտոմեքենա կար, ոչ էլ նորմալ ճանապարհ, հիվանդին որոշում են ջորիով տանել: Ջորու երկու կողքերից ծղոտով լիքը ջվալներ են կապում, վրան ներքնակ դնում, որ հիվանդի տեղը ապահով ու փափուկ լինի: Հիվանդի գլխի կողմից տղան՝ Վարդանն է բռնում, ոտքերի կողմից իրենց բարեկամ Դավիթը և «մեկ, երկու, երեք» են ասում, որ միասին հիվանդին բարձրացնեն հարմարեցված տեղը, բայց այնքան թափով են բարձրացնում, որ ջորու վրայից հիվանդը ընկնում է եղինջների ու փշերի մեջ: Հիվանդ Բալասան ապերը եղինջների մեջ պառկած տնքում է և ասում.

- Բալա՜, ինձ շատ լավ բուժեցիք, մհենգ (հիմա) տարեք տուն:

 

***

Դամուրչուց Բադին գնում է հարևան թուրքի գյուղից մի այծ է առնում, որ բերի կթեն, կթան անասուն չունեին: Երբ տուն է հասնում, կնոջն ասում է.

- Կնիկ ջան, լավ էծ ըմ առած, քինի կթե, տեսնանք հինչքա՞ն կաթ ա տամ:

Կինը գնում է, որ կթի, տեսնում է՝ այծը որց է:

- Բադի՜, ողորմի էն տերտերեն, որ քու անըմը տիրալ ա, տոնթ շինվի, պա էծն ու թաքան (արու այծ) ուրար անա ճոկու՞մ չըս:

 

***

Մի օր Բադու տունը Ադրբեջանի գյուղերից մեկից մի թուրք է գալիս հարցնում. «Իմացել եմ, ծախու այծեր ունես, ուզում եմ առնել»: Բադին ասում է, որ չորս այծ ունի, իրեն էլ փող է պետք, բոլորն էլ վաճառում է: Թուրքը յուրաքանչյուր այծին երկու ռուբլի հիսուն կոպեկով բարիշում է: Այծերը տանելու ժամանակ թուրքը ասում է, որ փողը կտա մեկ շաբաթ հետո: Բադին համաձայնում է:

Երեկոյան Բադին տնեցիներին պատմում է իր առևտրի մասին: Մեծ եղբայրը հարցնում է՝ փողը լրիվ վերցրել ե՞ս:

- Չէ, ասալ ա մի շաբաթից կպերիմ:

- Պո հու՞վ էր, որ շենացե ա, անունը հի՞նչ էր,- հարցնում է եղբայրը:

- Ասալա տու նեղություն չքաշիս, կյաս, ես փողը կպերիմ:

- Պա, տոնթ քանդվե վեչ, էթ հի՞նչ ախմախ գործ ըս փռնալ:

Մինչև այսօր էլ թուրքը փողը բերում է:

 

***

Բադին էշին «չու-չու» անելով գալիս էր գյուղի կենտրոնական փողոցով ճամփեզրին կանգնեց գյուղացիները հարցնում են.

- Բադի՜, խեր նի, էթ շտղան ըս կյա՞մ, հինչս պերում:

- Քեցածըմ լալ թուրքերեն սարը, պուրթը ըմ առալ:

- Թանգ ը՞ս առալ, թե՞ իժան:

- Թանգ չըմ առալ, իրիկնապուրթ ա, թորքեն ալ խափալ ըմ:

- Պա՜, հու՞նց ըս խափալ,- չուալներեն աբռան տուս չըմ եկալ:

- Տոնթ քանդվե վեչ, թորքն ա քեզ խափալ, չուալներեթ քաշը պուրթի տեղ քեզ ծախալ ա: Իսկ մեն չվալը երկու կիլոգրամ կշիռ ուներ: Կամաց շուռ ու մուռ է տալիս, որ հավասար չորանա:

 

***

Զրգարաց Ալավերդին առավոտյան այծերը տանում է արածացնելու, երեկոյան, երբ այծերը բերում, գոմն է անում, տեսնում է տանը մարդ չկա: Սոված է լինում, նայում է հացի տաշտին, տեսնում է մի յոթ հատ թոնրի բաղարջ կա, սպասի կաթսան դնում է առաջը և յոթ բաղարջն էլ հետը ուտում: Ամեն մի բաղարջը երևի մի մարդ չէր կարող ուտել: Երբ տնեցինները տուն են վերադառնում, ցանկանում են հաց ուտել, նայում են տեսնում, ոչ բաղարջ կա, ոչ էլ սպասը:

- Ալավերդի՜, պեղաճներն ու թանավը հո՞ր ա,- հարցնում են նրան:

- Պա գիդացլըմ թա սաղ իմ փայն ա, կերալ ըմ:

 

***

Միրզզա ապոր փեսա՝ Արսենը, որը Շիկահողցի էր, մասնակցել էր առաջին համաշխարհային պատերազմին և այնտեղից բերել էր մի հարյուր հատ կախովի կողպեքի բանալի: Մի օր աներոջը և գյուղում ապրող քենիներից յուրաքանչյուրի համար մի տասը բանալի նվեր է բերում:

- Յեկալեք, ծեզ փեշքեշ՝ Նիկոլայեն կռվան ըմ պերած:

- Արսեն, պա ըս պիլանիները պերած ըս, հի՞նչ անինք, գոնե մի պլանու հետ մի կողպեք կպիրեիր:

- Մհետ ալ վըր քինիմ, կողպեքներն ըմ պիրելու:

 

***

Հայրս՝ Աշոտ Խաչատրյանը, բանակում ծառայելուց հետո վերադարձավ գյուղ: Մի օր տատս հանձնարարեց նրան, որ գնա այգի՝ լոբին ու կարտոֆիլը ջրի: Հանգիստ ջրում էր, մեկ էլ տեսավ՝ ջուրը կտրվեց: Բարձրացավ վերև նայեց և տեսավ, որ մեր հեռու բարեկամ Բայլար ամին է կտրել ու այգին ջրում է: Ջղայնանում, ռուսերեն մայր է հայհոյում և վերջում ասում՝ «սվոլոչ, Բայլար ամի»: Երեկոյան Բայլար ամին գալիս, տատիս բողոքում է:

- Փերզադ, ես Աշոտեն ա նա էթ պենը սպասում չըմ լալ, ընձ ասալ ա յոբուտ պայմատ, տու յոբուտ պայմատ, Փերզադ: Էթ յոբուտ պայմատը հեչ է, համա էն սվոլուջը ինձ վառեց, թողեց:

 

***

Իշխան դային ՝ տատիս եղբոր տղան, ապրում էր Կապան քաղաքում, սեփական տուն էր կառուցել և կով էր պահում: Ամեն տարի կովը ծնում էր և որձ հորթ էր բերում: Ինքն էլ ուներ մի տղա և վեց աղջիկ:

Մի օր իր ծանոթներից մեկը հանդիպում հարցնում է.

- Իշխան, ո՞նց ես:

- Է՜, ոնց պիտի լինեմ, ամեն տարի կովս որձ է բերում, կնիկս էլ ՝ էգ:

***

Իշխան դային մի տարի ձմեռը գալիս էր գյուղ և գիշերում իր հորաքրոջ տղայի՝ դպրոցի դիրեկտոր Սերգո Բաղդասարյանի տանը: Գիշերը շատ ցուրտ լինում, նա մի կերպ դողացնելով լուսացնում է: Առավոտը, երբ գյուղացիները հավաքված են լինում Վանուց կտրին և իրենց հերթական զրույցներն ու պատմություննրն էին անում, ներկա է լինում նաև Իշխան դային, որը նկատում է, որ մոտիկ՝ Ռստամանց պատի տակ, մի արու այծ դողացնում է:

- Այ թաքա (արու այծ), հո՞ր ըս տուրտողում, տու ալ հո Սերգեյի տա՞նը չես քնել,- ասում է նա:

 

***

Իշխան դային տարիներ շարունակ Կապան քաղաքի բանկում գլխավոր հաշվապահ էր աշխտում, հետո առաջ քաշեցին, նշանակեցին բանկի կառավարիչ: Հանդեցի Առաքել ապերը գալիս է նրա մոտ և խնդրում, որ իրեն բանկում վերցնի պահակ: Նա չի չի մերժում, վերցնում է և ասում, որ եթե իր բացակա ժամանակ հարցնող լինի, թող ասի, որ շուտով կգամ, կամ տանն եմ:

Մի օր Առաքել ապերը իր հերթական պահակությունն էր անում, հեռախոսը զանգում է, մոտենում է և առանց խոսափողը վերցնելու ասում.

- Իշխանե՞ն ըս Փզում, ստեղ չի, գործը պրծալ ա, քեցալ ա տոն:

 

***

Լիզա մորքուրը՝ Ռուբեն Գրիգորյանի կինը, իմ ուսանող եղած ժամանակ ինձ հանձնարարում է, որ երբ գնամ Կապան, խաշի համար մի քանի հատ տավարի ոտ բերեմ: Արձկուրդին գնում եմ և նրա տեգր Հայկին ասում այդ մասին, որ մսի կոմբինատում էր աշխատում: Հայկը հետս երկու արկղի մեջ համարյա մի քսան կիլոգրամի չափ տավարի ոտներ է ուղարկում: Երբ ներս եմ մտնում տուն, մորաքույրս զարմացած հարցնում է.

- Այ բալա՜, էսքանը պերալ ըս, հի՞նչ անիմ:

- Մորքուր ջան, մեկը մեր բարեկամ Շմավոնին կտաս, մի ոտը քրոջդ տղա Վանիկին, մեկն էլ մոտիկ հարևանիդ, մնացածն էլ մենք կուտենք:

- Վա՜, պա ստեղ հի՞նչ կա է,- պատասխանում է մորաքույրս:

 

***

Տատիս մեծ թոռը՝ Վիլիկը, մի յոթ-ութ տարի վարորդի օգնական էր, բայց վարորդական իրավունք չուներ: Մի խոսակցության ժամանակ, երբ քննարկում էինք Վիլիկի վարորդական իրավունք ձեռքբերելու հարցը, տատս ասաց. «Ես լա աշկ ըմ պեցած, Վիլի շոփեր, հետան ալ ասում ըք, պռավա չոնե»:

 

***

Աշխեն Խաչատրյանը, որը եղել է գյուղի ղեկավարներից՝ կուսբջիջի քարտուղար, գյուղխորհրդի նախագահ, թոշակի անցնելուց հետո ապրում էր իր մեծ տղայի՝ Պավլեի հետ: Փոքր տղան՝ Ալյոշան, ապրում էր Երևանում: Արձակուրդների ժամանակ հաճախ գյուղ էր գալիս մորն ու հարազատներին տեսնելու:

Մի հերթական անգամ, երբ գալիս է, մի քանի օր հետո վերադառնում, մոռանում է և փողկապը թողնում գյուղական տանը: Մայրը նկատում է դա և ասում ավագ որդուն.

- Պավլի՜, Ալոշը Լոխտան թողալ ա ստեղ, մի Երևան քինողավ կղարկիս (լոխտա-սանձ):

 

***

Օրերից մի օր Քասի ապերը գնում է Գանջա (Կիրովաբադ): Քաղաքում ման է գալիս, տնեցիների համար շոր, դեսից, դենից առնում և սով է զգում: Մտնում է շուկա մի լիտր կաթ ու հաց առնում, բրդում ուտում: Ուտելուց հետո տուալետ գնալու անհրաժեշտություն է զգում: Մի թուրքի մոտենում է, հարցնում տուալետի տեղը: Թուրքն ասում է՝ մի աբասի (20 կոպեկ) տուր, ասեմ: Տուալետի տեղը ցույց տալու համար ստիպված տալիս է պահանջված գումարը:

Երբ գյուղ է վերադառնում, համագյուղացիները հավաքվում են գլխին, թե՝ քաղաքից ես եկել, պատմիր, թե ինչ հետաքրքիր բան ես տեսել:

- Դե հի՞նչ ասիմ, մի աման կաթ ուտելու հետե տասը կապեգ ըմ տվալ, տուալետ քինելու հետե՝ մի աբուսի, էլ հի՞նչ ըք օզում վեր գիդաք:

 

***

Հանդեցին Կապանից մի զույգ կոշիկ է գնում, բերում տուն և տեսնում է երկու կոշիկն էլ աջ է: Եղբորը պատմում է. թե «բա չես ասի, էսպես թարս գործ եմ բռնել»:

- Պեն չի կյալ,- ասում է եղբայրը,- որ մեկ էլ քինիսծախ թայերը կպերիս, մի ճոտը ես կկենամ, մինը՝ տու:

 

***

Կապանում ապրող Ներքին հանդեցին մի ռադիո է գնում: Հաջորդ օրը հայրը միացնում է և լսում, որ ռադիոն ռուսերեն է խոսում, տանում է խանութ վաճառողին ասում.

- Ախչիկ ջան, սխալվալ ըս, իմ ռադիոն ռուսերեն ըս տված, յեկալ փոխե, հայերեն տոր:

***

Հանդեցին գոմից գալիս մտնում է տուն և կնոջ վրա ջղայնանում.

- Այ շան կնեգ, էթ որթը հունց ըս լա կապած, որ երկու հետ ալ ես ըմ կապել ետ ա լալ:

 

***

Հիսունական թվականներին Ներքին Հանդի Ղզըլ Աղաջ տարածքում զինվորական զորամաս էր տեղակայված, ծառայողները հիմնականում ռուսներ էին: Նրանք հաճախ գյուղացիներին կաթ, մածուն, կարագ, պանիր էին պատվիրում: Փաստորեն այդ զինմասը գյուղացիների համար շուկա էր դարձել:

Մի անգամ գյուղացիներից մեկը խանութից նոր գնած «գարշոկի» մեջ մածուն է մերում ու տանում ռուս սպային: Սպան տեսնելով, որ երեխայի «գարշոկ» է, մտածում է, որ երևի այն իր հիմնական նպատակին է ծառայեցրել, զզվելով «գարշոկը» մածունով շպրտում է, հետն էլ հայհոյում:

Կինը գնում ամուսնուն պատմում է կատարվածը:

- Երևի տեսալ ա մածունը լավ չըս մերած, տեն ա քցալ:

 

***

Կոլտնտեսության վարչությունում քննում էին գյուղի թուրք վարորդ Մուստաֆայի հարցը, որը լավ չէր հասկանում գործից, և ավտոմեքենան հաճախ էր փչանում: Ժողովում որոշում են նրան հեռացնել: Գյուղացիներից մեկը նախագահից թույլտվություն է խնդրում և իր «հեղինակավոր» խոսքն ասում.

- Ես ասալ ըմ ու կասիմ, թորքեն անա շոփեր չի նի, առանց բենզին էնքան քշալ ա, որ ավտոն փչացալ ա:

 

***

Մեր գյուղացի մի մարդ միշտ հարևանից հարցնում էր, թե ժամը քանիսն է:

Սա էլ տանը մի ուրիշ նորմալ աշխատող ժամացույց է ունենում և նվիրում է հարևանին: Հաջորդ օրը այս հարևանը ժամացույցը ձեռքին գալիս է նույն մարդու մոտ.

- Յեշի, տըես, ժամը քանիսն ա՞:

 

***

Մեր գյուղացիներից մեկը իր հեռու բարեկամներից մեկի տունը հյուր է գնում: Արդեն ուշ էր, քնելու ժամանակ, բայց նստած զրուցում էին: Հյուրը սոված էր, ամաչում էր ասել, սակայն ուզում էր ինչ-որ ձևով հասկացնել.

- Բարեկամ ջան, որ հաց ուտենք, պրծնենք, ես որտե՞ղ եմ քնելու:

Տանտերը հյուրի ասածը հասկանալով՝ կնոջը գլխի է գցում, որ սեղան գցի:

 

***

Ներքին Հանդում խանութ չկա, բայց Պավլեի տղա Լյովան Կապանից ծխախոտ ու մանր-մունր ապրանքներ էր բերում, որ մայրը վաճառի, մի քանի դրամ փող աշխատի: Մի օր քաղաքից, հարկայինում աշխատող երկու տղաներ գյուղ են գալիս, երեկոյան նրանց ծխախոտը վերջանում է: Գյուղապետի հետ գալիս են, որ Լյովայի մորից ծխախոտ գնեն:

- Փոնջի մորքուր, տղաները հարկայինից են, ծխախոտ չունեն, իրենց էժան կտաս:

Բայց Փոնջին ավելի թանկ է վաճառում, քան՝ իրենց գյուղացիներին, ասելով՝

- Տուքեր հարկ հվաքող ըն, փող շատ օնին, մեր շենեն հարկայինն ալ ես ըմ: Տղաները ժպտալով Փոնջու պահանջած դրամը տալիս են ու գնում:

 

***

Մարգարուց Պավլեի տղա Լյովան լուրջ վիրահատության կարիք ուներ, որը հնարավոր էր կատարել Մոսկվայում կամ արտասահմանյան որևէ երկրում: Օգնության համար նա հեռուստատեսությամբ հայտարարություն է տալիս: Գտնվում են բարի կամքի տեր մարդիկ, որ գումարներ են հատկացնում, բայց ճանապարհածախսի դրամը չի հերիքում ու բացի դրանից, նա ուզում էր իր հետ Մոսկվա տանել եղբորը՝ Գուրգենին, որպես զրուցընկեր:

Լյովան գնում է առողջապահության նախարարի մոտ և հայտնում, որ բարեհոգի մարդիկ են իրեն ֆինանսապես աջակցել են, բայց ճանապարհածախսը պակասում է, ինքն էլ ռուսերեն չգիտի և եղբորը որպես թարգմանիչ պետք է տանի իր հետ:

- Դուք նախարար մարդ եք, Ձեզ համար ի՞նչ մեծ բան է երկու մարդու ճանապարհածախս տալը:

Ի զարմանս նրա, նախարարը փողը տրամադրում է և Լյովան գնում է, վիրահատվում ու բուժվում:

Երբ համագյուղացիները հարցնում են, թե ոնց կարողացավ նախարարից փող պոկել, պատասխանում է.

- Էլ հինչ հանդեցե, վեր կարե վեչ մի նախարար խափե:

2023

Զվարճապատումներ

Ասացող՝

Լենդրուշ Հակոբջանյան

Գրառող՝

Գոհար Մելիքյան

Վայր/ֆոնդ՝

Կապան, Ներքին Հանդ

bottom of page