top of page

ՄԱԿԻՉԸ

Մակիչն իրենց գյուղի ամենաիմաստուն մարդն էր: Է~, չեք հավատու՞մ, դե լավ, ականջ արեք պատմեմ Մակիչի իմաստուն արարքներից մեկը:

Մի օր գյուղացիք հանդում մի նապաստակ են բռնում: Նապաստակը գյուղ են բերում, որ տանեն պահեն, աճեցնեն: Բա որտե՞ղ պահենք, որտե՞ղ չպահենք, միտք են անում գյուղացիք և հնարը չեն գտնում: Ո՞վ կիմանա, ո՞վ չի իմանա, Մակիչը կիմանա, նրանից էլ ո՞վ կա խելոք: Գնում են, Մակիչին բերում:

- Տո, ախմախնե´ր, - բարկանում է Մակիչը, էդ էլ չգիտե՞ք, բա որ ես չլինեմ, ձեր հալն ի՞նչ կլինի, - գոռում է նա ու կարգադրում նապաստակին բաց թողնել փլեկ մարագի մեջ ու դռան տեղ երկու լուծ խաչաձև գցեն, որ նապաստակը դուրս չգա:

Էդպես էլ անում են: Մյուս օրը գալիս են տեսնեն նապաստակը այնտեղ է, թե ոչ, տեսնում են նապաստակ չկա, էլ ո՞վ կտա նապաստակ, ծլկել է: Բա ինչպես փախած կլինի նապաստակը, ինչպես փախած չի լինի, շատ են մտածում գյուղացիք, վերջն էլի հնար չգտնելով գնում Մակիչին են բերում` բա չես ասիլ, Մակի´չ, էսպես-էսպես:

- Վա~յ, ձեր տունը չքանդվի, - երկար զննելուց հետո պատասխանում է Մակիչը, - էդ էլ չեք հասկացե՞լ, ա´յ այս լծերի ծակերը, սամիների ծակերովն է դուրս փախել նապաստակը, պետք է այդ ծակերն ամրացնեիք:

 

1940

Զրույցներ

Ասացող՝

Մակիչ Մկրտչյան

Գրառող՝

Սերո Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Գորիս' ՀԱԻԲԱ FF II 4704-4707

bottom of page