top of page

ԿԱՃԱՊՈՎ ԿՈՐԿՈՏ

Կաճապով կորկոտի պատրաստումն ու կիրառումը ՀՀ Սյունիքի մարզի Շիկահող համայնքում

Բուսաբանական ձեռնարկներում և բառարաններում կաճապը նկարագրվում է որպես տանձաձև կամ սնձաձև երկար տերևներով բանջար:

Այսօր էլ Կաճապն ունի նույն կազմաբանությունը, որի տերևների կառուցվածքը նման է միմյանց կպած սինձերի փնջի: Ամենայն հավանականությամբ դա է պատճառը, որ կաճապը մերթ նկարագրվում է տանձաձև, մերթ էլ սնձաձև:

«Կաճապով կորկոտ» պատրաստելու համար իրականացվում են մի շարք նախապատրաստական աշխատանքներ: Կաճապը հավաքում են գարնանը, սովորութային ավանդույթի համաձայն` առաջին կայծակը խփելուց հետո:

Հավաքում են, խնամքով լվանում, մաքրում են ցողունի թափանցիկ շերտը, առանձնացնում տերևներն ու կոթունը: Կտրատում են, բարակ շերտով փռում և չորացնում: Հաճախ ավելուկի պես հյուսելով են չորացնում: Օգտագործում են հիմնականում ուշ աշնանն ու ձմռանը:

«Կաճապով կորկոտ» պատրաստելու համար մեկ կգ մաքուր լվացած, ջարդած հաճարը եփում են պղնձե կաթսայի մեջ` ավելացնելով սենյակային ջերմաստիճանի այնքան ջուր, որ ծածկի պարունակությունը:

Երկու մեծ բուռ չորացած կաճապը եռացնում են, դնում հոսող ջրի տակ, հետո ճզմելով քամում և ավելացնում եփվող հաճարի վրա:

Ավելացնում են նախապես լվացած, ոսկրազերծած, մի փոքր եռացրած մեկ կգ հավի կամ ճագարի միս, աղը` ըստ ճաշակի, և այդ ամենը եփում են մարմանդ կրակի վրա:

Վերջում լավ խառնում են փայտե մեծ գդալով և ավելացնում հալած յուղով տնական սոխառած:

Կաճապը հանդիպում է Լեռնային Ղարաբաղի, Սյունիքի, Տավուշի, Լոռու տարածաշրջաններում։

Եթե Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում կաճապով ապուրն է լայնորեն տարածված, ապա Կապանի Շիկահող համայնքում` «կաճապով կորկոտը»:

Սյունիքի մարզում կաճապը հատկապես աճում է Կապանի տարածաշրջանում, մասնավորապես Շիկահողում և սահմանամերձ Ներքին Հանդում` «Սոճիների պուրակում», որտեղ բույսի գոյությունը վտանգի տակ է: Գյուղացիների հավաստմամբ` Շիկահողին հարակից Ներքին հանդում առատորեն աճող և համային հատկություններով լավագույն կաճապն այլևս հասանելի չէ իրենց, այնինչ նախկինում լայնորեն կենցաղավարել է կաճապի համայնքային հավաքչության մշակույթը:

Համայնքը ստիպված է սփոփվել նրանով, որ գոնե հասցրել են իրենց տնամերձերում աճեցնել բույսը:

Կաճապը հայտնի է նաև նվիկ արևելյան, դանիկ, հայոց բանջար, նվիճ, օձաբարձ, օձադանակ անուններով, սակայն Շիկահողում այս բուսատեսակը ճանաչում են կաճապ անունով, որի սննդարար և բուժական հատկությունների մասին տեղեկությունները փոխանցվել են սերնդեսերունդ:

Շիկահողում համարյա բոլորն իրենց տնամերձում կաճապ են աճեցնում, ինչը վկայում է բուսատեսակի նկատմամբ համայնքում ձևավորված հետաքրքրության մասին:

Թարմ վիճակում կաճապի արմատը թունավոր հատկություն ունի, դառն է, չի օգտագործվում սննդի մեջ, իսկ լվացած, մշակած և չորացրած վիճակում` համեղ է և ծառայում է նպատակին:

Կաճապի ցողունի թափանցիկ շերտը նույնպես դառնահամ է, որը մշակելիս պարտադիր հեռացվում է: Զերմային մշակման ենթարկելիս թունավոր հատկությունը չեզոքանում է, և կաճապը անգամ քաղցրանում է:

Ավանդական կենցաղում սննդային նշանակությունից զատ, կաճապն օգտագործվել է նաև ժողովրդական բժշկության մեջ` որպես սպեղանի` օձի խայթոցի դեմ, որպես խորխաբեր` մրսածության դեպքում: Նախկինում կաճապով սննդային օսլա էին պատրաստում: Ներկայումս համայնքում կիրառվում է կաճապի` ծեծած տերևներով և հյութով վերքերը ախտահանելու միջոցը:

Շիկահողում «կաճապով կորկոտն» ունեցել է ծիսական նշանակություն:

Այն այսօր էլ, գրեթե միշտ, մենակ չեն ճաշակում, մեծահասակներին, հիվանդներին էլ պարտադիր բաժին են ուղարկում:

Հենց դրանով է բացատրվում համայնքում ձևավորված և կիրառվող ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակությունը և «կաճապով կորկոտ» ճաշատեսակի կենցաղավարման ավանդույթը:

Ցայսօր բուսատեսակի հավաքչությունը համախմբող բնույթ է կրում, որին մասնակցող համայնքի սեռատարիքային տարբեր խմբերը` տղամարդիկ, կանայք անգամ երիտասարդ տղաներն ու աղջիկները, դպրոցական երեխաները ձեռք են բերում գիտելիքի յուրացման հմտություններ:

«Կաճապով կորկոտի պատրաստումն ու կիրառումը ՀՀ Սյունիքի մարզի Շիկահող համայնքում» հայտը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդին է ներկայացրել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ Թամար Հայրապետյանը` Շիկահողի բնակչուհի, 1965 թ. ծնվ., մասնագիտությամբ բուժքույր Զարինե Պողոսյանի հետ դաշտային բանահավաքչական աշխատանքների արդյունքում: Վերջինս կաճապի պատրաստման բաղադրատոմսը սովորել է իր սկեսրոջից :

01.05.2023

Խոհանոց

Ասացող՝

Զարինե Պողոսյան

Գրառող՝

Թամար Հայրապետյան

Վայր/ֆոնդ՝

Շիկահող

bottom of page