Ա ՂՔԱՏՆ ՈՒ ԱՐՋԸ
Լինում է, չի լինում, մի աղքատ մարդ է լինում: Էս մարդը մի սեյրակ արտ է ունենում. ամեն օր գնում է, հնձում, հնձում, չի վերջացնում:
Մի իրիկուն էլ կնկանն ասում է. – Ա´յ կնիկ, մի մթել տուր, գնամ արտի մոտ քնեմ, գնալ գալու փոխարեն, բալքի մի բան էլ ավել հնձեմ արտը, շուտ պրծընեմ: Կինը մթել է տալիս, մարդը վերցնում է, գնում: Ճամպին, աչքդ բարին տեսնի, պատահում է մի արջի: Էս մարդը տեսնում է, որ արջը մտադիր է իրեն ուտի, քաղցր լեզվով կանչում է. - Բարի իրիկուն, ա´րջ ախպեր, ու՞ր ես գնում:
- Ման եմ գալի, - պատասխանում է արջը:
- Ա´րջ ախպեր, - էս գիշեր արտումս մենակ եմ, կգա՞ս մի քիչ զրից անենք:
- Ինչու՞ չէ, կգամ, - պատասխանում է արջը և մտածում, որ գիշերս լավ ճաշ ունի և գնում է:
Էս մարդու սիրտը ահ է ընկնում: Երբ արջն իրենից հեռանում է, վազում է գյուղ:
Կինը հարցնում է. – Ա´յ մարդ, բա ինչո՞ւ եկար:
Մարդը նստում է շեմքի գերանին, շունչը հետ է բերում ու պատմում գլխին եկածը` էսպես արջից փախա:
- Ա´յ մարդ, - խոսում է կինը, որ էդպես է, էդ արջը առավոտը գալու է` քեզ վրա խիստ բարկացած, որ գա, կասես` ա´րջ ախպեր, թագավորի մարդիկ իրիկունը եկել էին և քեզ էին ման գալիս, որ սպանեն: Ինձնից հարցրին, ասի` չեմ տեսել, վախեցա արտում մնամ, դու գաս և քեզ բռնեն ու տանեն: Հետո էլ մի ջվալ վեր առ հետդ, որ հասնես էնտեղ, ասա` հիմի էլ թագավորի մարդիկը գալիս են, դիր ջվալը, մնացածը դու գիտես:
Էսպես կինը հալում, լցնում է մարդու գլուխը, ջվալը դռան տակը դնում ու ճամպում արտը:
Մարդն էլ արտը, արջն էլ արտը, բարկանում, թքոտում է արջը, թե ինչու ինձ խաբել ես: Էս մարդն էլ կնկա ասածները մեկ-մեկ ասում է: Էս որ լսում է, արջի սիրտը դող է ընկնում, աղաչում է մարդուն, թե մի բան արա:
- Արի մտիր ջվալս, ես բերանը պինդ փակեմ, ոչ ոք չի իմանա ինչ կա:
Արջը մտնում է ջվալը, էս մարդը բերանը փակում է, մի փետ վերցնում, էնքա~ն տալիս, որ արջին սպանում է: Ջվալը բաց է անում, արջի մորթին հանում, ճրագուն լցնում մորթու մեջ, շալակն առնում, ուրախ-ուրախ գալիս տուն:
1940
Հեքիաթներ
Ասացող՝
Անհայտ
Գրառող՝
Սերո Խանզադյան
Վայր/ֆոնդ՝
Գորիս