ԷՇԸ, ՁԻՆ ԵՎ ԿՈՎԸ
Մի անգամ էշը, ձին և կովը վիճում են:
Ձին ասում է. - Ես եմ գովական ու պատվելի, մարդիկ ինձ բեռնում են, հեռու տեղեր են գնում և տիրոջս դժվար տեղերից ազատում եմ, ինձնով շատ-շատերն են ուրախանում ու պարծենում:
Կովն ասում է. - Իմ կաթը խմում են, յուղն ու պանիրն ուտում, միսս ուտում, կաշիս էլ հագնում, ես շատ-շատ մարդկանց եմ կերակրում:
Էշը խոսք չի գտնում ասելու: Ձին և կովը նախատելով նայում են նրա վրա, վերջը պայման կապում, որ գնան մի մարդու մոտ գանգատ անեն: Գնում է ձին գանգատ անում մի մարդու, այդ մարդը կոպիտ կերպով դուրս է քշում ձիուն: Գնում է կովը, այս մարդը նույն կարգով դուրս է անում և կովին, իսկ երբ գնում է էշը, սա մեծ հարգանքով ընդունում և ճանապարհում է էշին:
Էշը պարծենալով` գալիս է և մեծ-մեծ բրդել սկսում կովի և ձիու առաջ, ասելով. - Այն մարդն ինձ ընդունեց մեծ հարգանքով և պատվասիրությամբ:
- Դե ասա´, նա էլ քեզ նման էշ է եղել, - միաբերան պատասխանում են ձին ու կովը:
1939
Հեքիաթներ
Ասացող՝
Սեդրակ Բալասանյան
Գրառող՝
Սերո Խանզադյան
Վայր/ֆոնդ՝
Գորիսի շրջան, Խանածախ գյուղ