top of page

ԹԱԳԱՎՈՐԸ, ԱՅԳԵՊԱՆՆ ՈՒ ՕՁԸ

Մի թագավոր ունենում է մի մինուճար տղա: Այս թագավորի պալատի մոտ կար մի սիրուն այգի, որն ուներ մի շատ փորձված, աշխարհ տեսած այգեպան: Այգու մեջ կար մի կաշկառ, որի մեջ վխտում էին զանազան տեսակի թունավոր օձեր, կարիճներ և այլն:

Մի օր այգեպանը տեսնում է, որ թագավորի տղան եկել է այգին:
Նա երեխայի ձեռքից բռնում է ու տանում թագավորի մոտ ասելով. - Ո~վ թագավոր, մեր այգու մեջ կան շատ թունավոր օձեր, իսկ քո տղան անվախ ներս է մտնում ու ման գալիս: Կարող է օձերը նրան թունավորեն, խնդրում եմ, այսուհետև թույլ չտաս նրան այգին գալու:

-Լա´վ, - ասում է թագավորը, - այսուհետև թույլ չեմ տա:

Մի քանի օր հետո թագավորի տղան գալիս է ծածուկ այգին մտնում և իր համար սկսում զբոսնել: Հոգնելուց հետո պառկում է մի ծիրանի ծառի տակ և քնում:

Կաշկառից մի թունավոր օձ է դուրս գալիս և կծում ու թունավորում տղային: Տղան մեռնում է: Այգեպանը միամիտ ման գալիս տեսնում է թագավորի տղան թունավորված, մեռած:

Վերցնում է, տանում թագավորի մոտ ու ասում. - Ո~վ մեծ թագավո´ր, ես ասացի, որ տղայիդ մի թողնիր այգին մտնի, հիմա թունամահ է եղել, ո՞վ է պատասխանատու, հա´, արդեն մեռել է:

- Վնաս չունի, - ասում է թագավորը, - աշխարհն իմ տղին չմնաց, օձին էլ չի մնա:

Ու հրամայում է` տանեն տղին թաղելու:

Մի երկու օր հետո այգեպանն այն ծիրանի ծառի տակ, որտեղ թունավորվել էր թագավորի տղան, մի սև օձ և տեսնում է և իսկույն իմանում, որ նա է թագավորի տղին թունավորել, մանավանդ, երբ տեսնում է օձի աչքերն արնակալած ու կատաղի: Բահը վեր է քաշում և օձին սպանում:

Սպանած օձը տանում է թագավորի մոտ, ասելով. - Տե´ր թագավոր, ահա´ քո թշնամին, ես քո որդու վրեժն առա:

- Լա´վ, - ասում է թագավորը, - աշխարհը որդուս չմնաց, օձին չմնաց, քեզ էլ չի մնա:

Մի, երկու օրից հետո թագավորը մի հազվագյուտ ծառ է տնկել տալիս իր այգում, որի նմանը չկար, և այգեպանին պատվիրում է, որ ծառը բոլորովին չջրի:

Ծառը մեկ-երկու օրից թառամել է սկսում:

- Ի՞նչ է հասկանում թագավորը, այս ծառը շատ ընտիրն է, ափսոս է, կչորանա թող ջրեմ, - մտածում է այգեպանը և ծառին ափսոսալով` ջուր է կապում տակը:

Ջուրը դեռ տեղ չհասած` թագավորը բռնում է այգեպանի օձիքից և ասում. - Ես չասի՞ քեզ, որ չջրես ծառը:

- Ասի´ր, - վախեցած պատասխանում է այգեպանը:

- Ուրեմն ինչու՞ ես ջրում:

- Թագավո´ր, ծառը թանկագին է, ես վախեցա, որ չորանա, - կրկին վախեցած պատասխանում է այգեպանը:

- Իմ խոսքն էր թա՞նկ, թե ծառը՞, - մռնչում է արքան:

- Քո խոսքը, - վստահաբար ասում է այգեպանը:

- Ուրեմն, որ դու չես կատարել իմ խոսքը, ես դրա համար քեզ կախել կտամ, - ասում է արքան և ծառաներին հրամայում կախել անհնազանդ այգեպանին:

Երբ կախաղանի թոկը հագցնում էին այգեպանի վիզը, նա ճչաց. - Արքա´, աշխարհը տղիդ չմնաց, օձին չմնաց, ինձ չմնաց, լավ իմացիր` քեզ էլ չի մնա:

1938

Հեքիաթներ

Ասացող՝

Աշուղ Աթա

Գրառող՝

Ս. Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Գորիսի շրջանի Քարաշեն գյուղ

bottom of page