top of page

ԹԱՔԱՎԵՐԻՆ ԻՐԵՔ ԱԽՃԻԿԸ

Ըլըմա չի ըլըմ, մի թագավոր։ Դա ունենում ա մինակ մի ախճիկ։ Ախճիկը մեծանում ա, հասնըմ ա փսակվելու ժամանակը, մի քանի երկրներից փեսաներ են կյալիս։ Խեղճ հերը չի իմանում թե ախճկան ում տա։ Ընդամենը ջոկում ա իրեք փեսա։ Իրեքին էլ ասում ա, որ էգուց կկք խնամախոսության։ Իրիգունը քնելիս թաքավորը մտածում ա. «Ա´յ, Աստված, ինչ կլեր, որ ինձ իրեք ախճիկ տայիր»։

Առավոտը ըլըմ ա, տեսնում` իրեք ախճիկ ունի։ Էթում ա գումը մտնում, տեսնում ա ձին էնտեղ չի, էթում ա բակը, տեսնում ա շունը չկա։ Ցերեկով կյալիս են խնամիները խոսք են առնում, այնուհետև յոթ օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Հա, մեկ էլ ասեմ, որ էդ իրեք քուրերը իրար շատ նման են ըլըմ, որ թագավորը չի իմանում, թե իսկական ախճիկը որն է։ Ամիսներ են անցնում, մի օր թագավորը մտքի մեջ մտածում ա, թե. «Վերի կենամ էթամ, տեսնամ` ախճիկներս ոնց են ապրում»։

Հաջորդ օրը թագավորը վեր ա կենըմ, էթում ա մտնում ա մեկի տունը, նրանք իրեն լավ հյուրասիրում են, հետո թագավորը հարցնում ա, թե իրեն ախճիկը ո՞նց ա, հո չե՞ն նեղացնում։

Պատասխան են տալիս, թե, որ. - Հարսի ծերքերը ոսկի ա, խոսք չկա, ամեն ինչ անըմ ա, խոսք ետ չի դարձնում։ Մենակ մի բանն ա վատ։ Եթե մեկը փորձի մեր բակից կամ տնից մի բան տանի, քիչ ա մնում պատառ-պատառ անի։

Թագավորը մտածում ա. «Ասես թե դրանց ձեռքին իմ շունն է ընկել»։ Այնուհետև ցտեսություն ա ասում ու հեռանում: Գնում է գնում, մտնում ա երկրորդ ախճկա տունը։ Ըտեղ էլ նույնպես հյուրասիրում են, այնուհետև նա հարց է տալիս, թե` ախճիկը ոնց է։ Նրանք պատասխանում են, որ ոսկի ձեռքեր ունի, խոսք չունեն դրա մասին, մենակ մի վատ բան ունի, եթե կողքին ընկավ, ինչքան էլ բզես-բզես տեղեն վեր չի կենալ։ Թագավորը մտածում ա, որ. «Էս կարող ա իմ ձին ըլի, որովհետև նրա կողը հաստ էր»։ Ըլըմ ա ցտեսություն ա ասում ու թողըմ էթում։ Էթում ա էթում, հասնում ա երրորդ ախճկա տունը։ Էտեղ էլ են իրեն հյուրասիրում։ Թագավորը հարցնում ա, թե` ոնց ա իրան ախճիկը։ Ըստեղ ախճկա ամուսինը ասում ա, որ շատ ուրախ եմ, որ քո ախճիկը իմ հարսն է, ինչքան խոսք ասես, պերանը չի պացի պատասխան տա, դե ձեռքերն էլ ոսկի են։ Էդ ժամանակ թագավորը հասկանում ա, որ դա իր իսկական ախճիկն ա։ Աշխարհի գործերի վրա զարմանալով, թողում ա գնում իր երկիրը։

1979

Հեքիաթներ

Ասացող՝

Փառանձեմ Մովսիսյան

Գրառող՝

Արամ Մարգարյան

Վայր/ֆոնդ՝

Սիսիանի շրջանի Բարձրավան գյուղ

bottom of page