top of page

ՄԱԶԲԱՆԴԸ

Մի քաղաքում ապրում էր մի աղքատ, շատ աղքատ մազբանդ, որը հազիվ մազի թոկ ծախելով մի քանի կոպեկ էր վաստակում և միայն ու միայն չոր հացով կերակրում իր երեխաներին ու կնոջը: Մի օր էլ առևտուրը հաջող չի լինում, երեխաները հոր թևը բռնած փողոցում հաց են աղերսում: Էդ ժամանակ փողոցով անցնում էին երեք երիտասարդ՝ անծանոթ աշխարհից: Էդ սրտաճմլիկ տեսարանը տեսնելով` հանում են ու տասը ոսկի տալիս էդ մարդուն, թե` տա´ր ու երեխոցդ համար հաց գնիր: Սա փողերը դնում է փափախի կարկատանի մեջ և ուրախ տուն վազում`կնոջն աչքալուսանք: Էս պահին մի սև անգղ թռչում, գալիս է նրա մորթե փափախն առնում ու ետ-ետ իր ամպերը թռչում: Մազբանդը գժվածի պես դես ու դեն է ընկնում, ոչինչ անել չի կարողանում, երեխաների հետ լալով տուն է հասնում ու գլխին եկածը կնոջը պատմում:

Կինը շատ է թոք ու թոհմաթ անում, թե ինչու փողը գրպանում չի բերել, մարդն էլ ասում է. – Ա´յ կնիկ, մեզ երևի ղսմաթ չէր, թե չէ որ ղսմաթ լիներ, չէր կորչի: Քամու բերածը քամին էլ կտանի:

Ու էսպես էլ մոռանում են ու անցնում իրենց սև օրին:
Մյուս առավոտ Մազբանդը փողոց է ելնում, ամբողջ օրը չի կարողանում հացի փող աշխատի, էլի պատահում է էն երեք երիտասարդներին, որոնք խղճալով նրան` վեց ոսկի են տալիս ու գնում իրենց բանին: Մազբանդն էս վեց ոսկին ձեռն առած վազում է տուն, որ չկորցնի: Կինը տանը չի լինում, ոսկիները դնում է թեփով լի կճուճի մեջ ու վազում կնոջը գտնելու, աչքալուսանք տալու: Մազբանդի հետևից տուն է մտնում կինը, հետն էլ մի մարդ, որը ձիան համար թեփ է առնում, մի քանի գրոշ է տալիս, թեփը, ոսկին էլ մեջը, լցնում պարկը, շալակն առնում ու յալլա գնում: Իրիկունը մարդը տուն է գալիս, վազում է, որ ոսկիները հանի, տեսնում է ամանը կա, ինքը չկա: Կինը պատմում է թեփի պատմությունը, մարդն էլ ասում է, որ վեց ոսկի է եղել նրա մեջ: Կինը շատ ոտ ու ձեռ է անում:

Մազբանդն ասում է. - Շատ քեզ մի սպանի, հալբաթ մեզ ռաստ չէր, որ ռաստ լիներ, չէր կորի, ջրի բերածը ջուն էլ կտանի:

Մյուս օրը բազարում էլի պատահում է էն երեք մարդուն, սրանք խղճում են, երեք ոսկի հանում մեկնում Մազբանդին:

Մազբանդը հրաժարվում է վերցնելուց. – Ախպե´ր, ինձ տալիս եք, հալալ չի լինում, ձեռիցս գնում է, չեմ ուզում:

- Լավ, որ էդպես է, - ասում է նրանցից մեկը,- առ էս գյուլուլը քեզ: Կտանես ձեր քաղաքում կտաս մի ձկնորսի, ինչ կտա, կտա:

Մազբանդը գյուլուլը վերցնում է, տանում տուն: Տուն հասնելուց կանչում է իր փոքրիկ աղջկանը, գյուլուլը տալիս նրան, թե` տար և տուր մեր հարևան ձկնորսին, սա ինչ կտա, կտա:

Ձկնորսը գյուլուլը ստանալով ասում է. - Շատ լավ, առավոտը առաջին թոռս որ գցեմ, ինչ որ դուրս գա` ձեզ:

Առավոտը ձկնորսը թոռը գետն է գցում, դուրս է գալիս միայն մի ձուկ: Ձկան պոչը կտրում, նշան է անում ու սկսում իր գործը: Իրիկունը, տուն դառնալուց, կանչում է Մազբանտի աղջկանը, թե` ասա´ հորդ, որ ձեր բախտից մենակ էս ձուկն է հանել թոռը:

Մազբանդի կինը ձկան փորը մաքրելիս փորից հանում է երեք անգին քար: Էս երբ տեսնում է, մարդն ուրախանում է, իսկույն կանչում ձկնորսին: Մի հատը տալիս նրան, մեկը ինքը վերցնում, մեկն էլ մյուս օրը հանձնում երեք անծանոթներին ու ինքն էլ առոք-փառոք ապրում է մինչև էսօր, կնկանն ասելով. – Ա´յ կնիկ, սա մեր ղսմաթն էր, մեզ էլ արժանի եղավ:

Ասում են էն մարդը մինչև հիմա էլ ապրում է, թե որտեղ և ինչ կերպ, էդ էլ չգիտեմ:

1940

Հեքիաթներ

Ասացող՝

Խաչիկ Գևորգյան

Գրառող՝

Սերո Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Գորիս

bottom of page