top of page

ՏԵՐՏԵՐԸ

Մի գյուղում մի չար ու անխիղճ տերտեր է լինում, անունը` Տեր Միսակ: Էս Տեր Միսակս իրեն հարևան աղքատ Հովսեփի հոգին համարյա հանում է, էլ չենք խոսում գյուղի մյուս այն մարդկանց մասին, որոնք դատ էին գնում Տեր Մինասի ձեռքից:

Մի օր էս Հովսեփս դես է մտածում, դեն է մտածում, թե ինչ անի, որ էդ անիրավ տերտերից ազատվի, վերջը հնարը գտնում է:

Գնում է տերտերի տունը, թե. – Տե´ր Հայր, բա չես ասի, հանդի մի հոր է բացվել, մեջին ոսկի կա, ասում են` ով աստվածապաշտ է, նա միայն կարող է հանել: Հմի գյուղումս աստվածապաշտը, ամենից մեծը դու ես, եկ տանեմ հորը ցույց տամ, ոսկին հանիր, դու քո խղճին, ինձ էլ ինչ կտաս, կտաս:

Տերտերը որ չի լսում ոսկու անունը, աչքերը դառնում են սոված գիլի աչքեր:

- Հա, հարուստ մեռնեմ, Հովսե´փ, գնանք:

Գնում են, հասնում են հորին, որի մինչև կեսը գարշահոտ ջուր է լինում:

- Դե´, Տե´ր հայր, դու կռացիր, ես քո ոտներից բռնած պահեմ, ոսկին հանիր:

Տերտերն իսկույն փիլոնը դեն է ձգում և կախվում: Հովսեփն էլ պահ էր սպասում, բաց է թողնում տերտերին, մի մեծ սալ քար դնում հորի բերանին ու յալլա, հետ նորից իր տունը:

Մի իրեք օր հետո, ասում է` գնամ տեսնեմ մեր տեր Միսակը ինչ հալի է: Վեր է կենում ու գնում: Հենց որ հորի բերնի քարը շուռ է տալիս, միջից մի սատանա է դուրս գալիս: Էս Հովսեփս, որ սատանան չի տեսնում, երկու ոտ ունենում է, երկուսն էլ փոխ է առնում ու պուկ...

Սատանան հետևից ձեն է տալիս. – Մա´րդ աղբեր, մա´րդ աղբեր, հլա ոտը կաց, բան եմ ասում:

Էս Հովսեփս մին մտածում է, թե սատանան ի՞նչ պիտի իրեն ասի, որ կանգ առնի, մին էլ ասում է` լավ, սպասեմ, տեսնեմ ինչ կասի: Կանգնում է:

- Ես քո հոգուն մեռնեմ, մա´րդ աղբեր, - բացականչում է սատանան, ախր էդ որտեղից դուս ընկար ու ինձ ազատեցիր էն չար տերտերի ձեռքից:

Էս որ լսում է, Հովսեփն արմանք-զարմանք է կտրում, ասում է. – Մի՞թե տերտերը կենդանի է դեռ:

- Էլ մի ասիր, մա´րդ աղբեր, ինձ էն օրը գցեց, որ էլ ինչ ասեմ, իմ ընկերներին կոտորեց, ինձ էլ կսպաներ, եթե դու չհասնեիր: Հմի, աղբե´ր, ինչ լավություն ես ուզում քեզ անեմ, ասա´:

Հովսեփը երկար մտածում է, թե ինչ խնդրի սատանայից, չի գտնում, ասում է. –Սատանա´ եղբայր, ինչ խնդրեմ քեզնից, դու սատանա, ես մարդ, ինչ էլ որ կուզես, արա:

- Լա´վ, - ասում է սատանան, - ես կմնամ և կկախարդեմ թագավորի աղջկան, դու կգաս և աղջկանը բժշկելու անունով նրան մի թաս ջուր կխմեցնես, ես կհեռանամ և դու մեծամեծ նվերներ կստանաս թագավորից:

- Թող այդպես լինի:

Մյուս օրը քաղաքում լուր է տարածվում, որ թագավորի արմաղ-շարմաղ, մեր ու մադար մի աղջիկը կախարդվել է, ով որ նրան ազատի` քաշովը մին ոսկի: Լուրը դմբդմբալով գնում, հասնում է Հովսեփին: Սա վեր է կենում, չուխի փեշերը հավաքում, գնում թագավորի պալատի դռանը նստում: Պահապաններն ուզում են սրան քշեն, չի լինում, էս Հովսեփս համառում է, թե պիտի թույլ տաք, որ ես գնամ ու թագավորի աղջկանն ազատեմ:

- Հազար փիլիսոփա, լոխման հեքիմ են թափվել, բան չեն շինում, դո՞ւ ես ազատողը, քոսո´տ շուն, գնա´, թե չէ վզակոթիդ կտանք, - հրամայում է դռնապանը ու ներս չի թողնում Հովսեփին:

Էստեղ մի խելոք պալատական է լինում, հրամայում է պահապանին, որ ներս թողնի այդ գյուղացուն: Հովսեփին տանում են թագավորի մոտ:

- Հը, կարաս աղջկաս լավացնե՞ս:

- Հրամանդ, Տե´ր արքա:

- Իսկ եթե չարիր, ա~յ, տեսնու՞մ ես կախաղանը, քեզ կախ կտամ:

- Թող այդպես լինի, - ասում է Հովսեփը համարձակ, և պալատականների առաջնորդությամբ ներս է մտնում աղջկա ննջարանը:

Տեսնում է` ոսկե մահճակալի մեջ պառկել է մի արմանք-զարմանք հուրի-փերի: Հրամայում է, որ մի աման սառը ջուր բերեն: Ջուրը բերում են և թերհավատ նայում Հովսեփին: Էս քաջ Հովսեփս ջրից որ մի երկու կաթիլ չի խմացնում աղջկանը, աղջիկը իսկույն նստում է տեղն ու ժպտալով ասում. - Օ~հ, ինչ շատ եմ քնել:

Թագավորի ուրախությունն աշխարհով մին է լինում: Հովսեփին մի քաշ ոսկի է տալիս ու ճամպու դնում:

Մյուս գիշեր Սատանան գալիս է Հովսեփի տունը, թե. – Հովսե´փ ախպեր, այս անգամ էլ թագավորի կնկանն եմ կախարդելու, ամմա չգաս հա~, դուրս չեմ գալու նրանից, ինչ էլ անես, քո գլուխը կտրելու են:

Ահից սարսափած Հովսեփն ուզում է սատանայի ոտերն ընկնի, որ էդ բանը չանի, բայց էլ ո՞վ կտա սատանա, իսկույն թողնում է, գնում և թագուհուն կախարդում:

Առավոտը թագավորի վեզիրները Հովսեփի դուռը կտրում են. – Ե´լ, Հովսե´փ, թագավորը կանչում է:

Հովսեփն ուզում ա «չեմ գալիս» ասի, բայց վեզիրը նրա վզակոթին դնում է ու առաչ անում: Ծնկները թուլացած, մահվան սարսափը հոգում էս Հովսեփս հասնում է պալատ:

- Դե´, փրկի´ր կնոջս, Հովսե´փ, կամ գնա դեպի կախաղան, - կանչում է թագավորը:

Հովսեփը մոտենում է թագուհու ննջարանին, դուռը քիչ բաց է անում և վախեցած բացականչում. - Սատանա եղբա~յր... Տեր Միսակը հորից դուրս է եկել և դեպի քեզ է գալիս: Փախի´ր, ուր կաս...

Սատանի լեղին ջուր է դառնում, թագուհու փորից դուրս է գալիս ու փախչում:

1940

Հեքիաթներ

Ասացող՝

Զոհրապ քեռի

Գրառող՝

Ս. Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Գորիսի շրջանի Շինուհայր գյուղ

bottom of page