top of page

ՔԱՉԱԼԸ, ԻՐ ՀԱՅՐՆ ՈՒ ԽԱՆԸ

Մի գյուղացու մի քաչալ տղա է լինում, ծույլ, անբան, բայց շատակեր: Մի օր հայրը ծեծում է և զոռով եզներն առաջն անում, ուղարկում վար: Քաչալը գնում է, գութանը լծում ու հենց առաջին ծերը ծրելիս մի ոսկի աղյուս է դուրս գալիս: Քաչալը շատ է ուրախանում, նստում է տոպրակի հացերն ուտում, եզներն արձակում, ոսկի աղյուսը տոպրակի մեջ դնում, առնում գլխատակն ու քնում:

Գյուղից հայրը տեսնում է, որ Քաչալը վար չի անում: Զայրացած գալիս է, Քաչալին արթնացնում, որ ծեծի, Քաչալը հայտնում է հորը, որ ոսկե աղյուս եմ գտել:

Հայրը ոսկին առնում է ու քաչալին ասում. - Էլ քեզ չեմ բանեցնելու, գնա´ և ազատ քեֆ արա:

Քաչալը մի քանի օր իր համար ման է գալիս: Մի օր էլ հայրը դարձյալ ծեծում է նրան, թե գնա ու աշխատանք արա: Երբ տանը ոչ ոք չի լինում, Քաչալը գողանում է ոսկու աղյուսը և դնում տոպրակի մեջ` ինքն իրեն վճռելով, որ տանի ու տա խանին:

Խանն ապրում էր մոտակա գյուղում: Քաչալը գնում է գյուղամեջ և հայտնում գյուղացիներին, որ ով վաղը առավոտյան գնալու է Խանի մոտ գանգատ, թող գիշերս գնալիս մեր երդով ինձ էլ ձեն տա, ես էլ բան ունեմ ասելու Խանին:

Իրիկունը քաչալը ոսկե աղյուսով պարկը դնում է գլխատակին ու քնում: Երբ մայրը գալիս է հարևանները նրան հայտնում են, որ Քաչալը վաղը գնալու է Խանի մոտ գանգատ: Մայրը գալիս է, ստուգում, տեսնում աղյուսն իր տեղը չէ, ձեռաց

Գլխի է ընկնում, որ Քաչալն է գողացել: Դնում է մի հասարակ կավե աղյուս,

որ նույն չափի էր, ինչ ոսկունը, բերում դնում է Քաչալի տոպրակում և զգուշորեն, և նույն զգուշությամբ էլ հանում ոսկե աղյուսն ու թաքցնում:

Լուսադեմին Խանի մոտ գնացողները գալիս են ու կանչում Քաչալին, որ ինքն էլ գա: Քաչալը տոպրակը շալակում է, դրսից շոշափում բեռն ու գնում`ճանապարհին պարծենալով, որ իր բեռն ամենից թանկարժեքն է ու Խանին նվեր է տանում:

Երբ Խանի մոտ բոլորն իրենց գանգատն անում պրծնում են, հերթը հասնում է Քաչալին:

- Դու ի՞նչ ունես Քաչալ, - հարցնում է Խանը:

Քաչալը տոպրակը ուսից ցած է իջեցնում ու ասում. - Ո~վ Խան, քեզ համար մի թանկագին նվեր եմ բերել: Ասա´ կնոջդ, թող արծաթե սինին բերի, որ դնեմ վրեն:

Խանը զարմանում է, թե ի՞նչ պիտի լինի, որի համար իր կինն ու արծաթի սինին են հարկավոր:

- Ի՞նչ, արծաթի սինու բան ունես, դե բա´ց:

- Դու ասա` թող կինդ բերի, ես կասեմ, - պատասխանում է Քաչալը:

Խանը հրամայում է, կատարեն Քաչալի պատվերը: Երբ Խանի խանումը չադրեն երեսին, ոսկի սինին ձեռքին մոտենում է Քաչալին, Քաչալը հանդիսավոր կարգով տոպրակից հանում է աղյուսը և դնում արծաթե սինու մեջ: Բոլորը զարմանում են` տեսնելով կավե աղյուսը: Քաչալն ինքն էլ է շատ զարմանում, բայց ուշ է:

Խանը բարկանում է և հրամայում Քաչալին բանտարկեն:

Քաչալին մարագն են անում: Պահակը դրսից տեսնում է, որ Քաչալը մատներով զանազան չափումներ է անում: Պահակն այդ մասին հայտնում է Խանին: Խանն իր մոտ է կանչում Քաչալին և հարցնում թե ինչ էր անում և ինչն է նրա գանգատը:

- Խա´ն, ես քո ու իմ խելքն էի չափում, իմը քոնից միշտ մի մատ ավել էր դուրս գալիս:

Բարկանում է Խանը և հրամայում նորից մարագն անեն Քաչալին ու ծխով լցնեն:

Հրամանը կատարվում է:

Ծխից խեղդվելով հայ-հույ է անում Քաչալը: Խանը հրամայում է իր մոտ բերել:

- Այ տղա´, - ասում է նա, - դու խելքդ կորցրել էիր, ծուխը խելքդ ետ բերած կլինի, ասա տեսնեմ` ինչ էր գանգատդ:

Քաչալը, ծխից կսկծացող աչքերը տրորելով, ասաց. - Խա´ն, իմ գանգատն էն ա, որ ասում եմ դու խան տեղովդ էտ ղալաթտ արալ ես, էլ անես ոչ, ծուխը մարդու խելքի չի պերի, ծուխը մարդ կխեղդի, - ասում է Քաչալն ու փախչում:

1938

Հեքիաթներ

Ասացող՝

Աշուղ Աթա

Գրառող՝

Ս. Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Գորիսի շրջանի Քարաշեն գյուղ

bottom of page