OՎՉԻ ՕՂԼԻՆ
Մի որսկան է լինում, սա ունենում է մի տղա: Երբ տղան դառնում է յոթ-ութ տարեկան, հայրը մեռնում է: Մեռնելուց առաջ խիստ պատվիրում է կնկանը, որ նետ ու աղեղը չտա տղին, տղին որսկան չանի:
Տղան շատ ճարպիկ է լինում, իր ընկերների հետ կոճի խաղալիս բոլորի կոճիները տանում է, ընկերները կանչում են. – Որսկանի´ տղա, բոլ չի՞, մեզ խայտառակ արիր:
Տղան կոճերը հետ է տալիս ընկերներին և վազեվազ գալիս է մոր մոտ, ասում. – Ա´յ մերս, ել´, հանի հորս նետ-աղեղը, հերս որսկան է եղել, ես էլ որսկան պիտի դառնամ:
- Ա~յ որդի, - պատասխանում է մերը, - քո հոր մահից հետո նետ-աղեղը ծախել հացի եմ եմ տվել, կերել ենք, ի՞նչ ես ուզում:
Որդին չի լսում մորը, վեր է կենում ճրագ անում, տան քյունջ-պուճախը ակը տալի, հոր նետ ու աղեղը գտնում, գնում որսկան դառնում:
Մի օր պատահում է մի սիրուն աղվեսի, նետ ու աղեղը լարում է, որ վեր գցի, Աստծու հրամանով աղվեսը լեզուն է առնում և պատասխանում. - Ա~յ Օվչի Օղլի, ինձ մի սպանիր, ես քեզ հացի կտիրացնեմ:
- Մեկ չլինենք, երկու լինենք, - ասում է տղան, նետ-աղեղը հետ պահում և աղվեսի հետ ճամպա գնում:
Շատ են գնում, թե քիչ, պատահում են մի գելի: Էս Գելն էլ էսպես ախպերանում է Օվչի Օղլուն և Աղվեսին, հետո էլ ախպերանում է մի Արջ և մի Զմրուխտ ղուշ: Անտառում տուն են շինում և հնգով միասին ապրում:
Մի օր էլ աղվեսն ասում է. - Օվչի´ ախպեր, մենք քեզ համար գնում ենք հարսնացու բերենք:
Տղին թողնում են տանը, իրենք գնում դեպի թագավորի գեղը: Գեղի մոտ Աղվեսը մի լուծ է դնում Գելի և Արջի վզին, ինքը մաճկալ դառնում ու հորովել տալով քշում, գյուղ մտնում: Թագավորի աղջիկը, որ օխտը տարի բերդից դուրս չէր եկել, տեսնում է սաղ ժողովուրդը թափվել են հրապարակ և դիտում են ինչ-որ մի հետաքրքիր տեսարան: Դե թագավորի աղջիկն էլ մարդ է, սիրտն ուզում է թամաշա անի, ծառաների հետ դուրս է գալիս իր բերդի ոսկեղեն պատշգամբը և դիտում: Էս մոմենտին վրա է հասնում Զմրուխտ ղուշը, աղջկանն առնում իր թևերին ու փախչում: Աղվեսը, Արջն ու Գելն էլ լուծը դեն են շպրտում ու դեպի անտառ:
Թագավորի աղջիկը մինչև օրս էլ Օվչի Օղլու ծոցումն է` խոր անտառի մեջ, և Աղվեսը, Գելը, Արջն ու Զմրուխտ ղուշը հսկում են նրանց:
1940
Հեքիաթներ
Ասացող՝
անհայտ
Գրառող՝
Ս. Խանզադյան
Վայր/ֆոնդ՝
Գորիս