top of page

Արջաորս

Իր անզուգական գեղեցկության մեջ պարուրված Ներքին Հանդ գյուղը նիրհում էր

Մթնաձորի զեփյուռի և շրջակա ծաղկադաշտերի հոտ ու բուրմունքից: Գյուղը երեք

կողմերից շրջապատող բարձր սարերը դարեր շարունակ հովանի և պաշտպան են եղել,

անտառը դուրս է եկել իր շրջանակից և սպառնում է մագիլների մեջ առնել գյուղը:

Սարն ի վեր՝ աջակողմյան լանջով փռված է լեռնաշղթան, որը կտրտվելով իրար մեջ

սրի նման մխրճվում է ձորը: Սառնորակ ջրերը, մարդու մտրակից փախչող օձի նման,

սարսափահար գահավիժում են անդունդը և ապա աներևութանում անտառի մթության մեջ՝

միայն հառաչանքներ թողնելով խորհրդավոր այդ անտառում: Չար ձեռքը անզոր է եղել

հիմնովին կործանելու հայ ճարտար ձեռքի աշխարհածանոթ քանդակները, և այժմ էլ

կիսակործան վանքերն ու եկեղեցիները գլխիկոր ու անխոս, բայց և համառորեն վկայում

են իրենց վաղեմի գոյությունը: Զարմանահրաշ բնությունը շռայլ է այս կողմերում, ասես

ստուգարքի վայրն է նրա՝ բարձր սարեր, խոր-խոր ձորեր, ջինջ ու կապուտակ երկինք,

թավուտ անտառներ, զով, ապաքինող օդ... Անտառներում՝ արահետներ, որոնք իրար

խաչվելով գումարվում, կրկնապատկվում են, ապա բաժանվում, հետո նորից գումարվում...

Մեկը կարող է ձեզ առաջնորդել դեպի անդունդ, մյուսը՝ կախել խորը ձորի վրա, երրորդը՝

անվերջ բարձրացնել: Օ՜, միայնակ թափառումներն այստեղ թեպետ հմայիչ, սակայն շատ

վտանգավոր են:

Աշնան հաճելի երեկոներից մեկն է. Նստած ենք ակումբ գրասենյակում, ամենքը գտել

են իրենց զբաղմունքը: Մի խումբ երիտասարդներ աչք-ունքով են իրար հետ խոսում,

հայացքով վիճում, գլխի բազմանշանակ շարժումով հաշտվում և հետո երկմտելով նայում

 

տարեց մարդուն, որը վերջին մի հայացքով սաստում էր բոլորին և փեշը գեղեցիկ ծալելով

ցույց տալիս Մթնաձորը: Սա արդեն հրաման էր ցրվելու: Մենք վեր կացանք, մինչդեռ

մյուսները լեռնցիներին հատուկ տոնով շարունակում էին բարձր-բարձր խոսել ՝

մերթընդմերթ ընդհատելով ու խանգարելով խոսակցին: «Էդ խի՞ ես քինում»,- դեռ ելքին

չհասած ինձ դիմեց Զաքարա պապան: - Մի պատմի տեսնենք ունց ե՞ք, ձեր քաղաքի աշունը

ուն ց ա՞, մերի նման ա՞, թե չէ, թե ձեզ մոտ հլա աշուն չի... Իսկապես քաղաքում ու՞նց եք

իմանում, որ աշուն ա: Մեզ մոտ հլա տերևաթափը, գետերի պղտորումն ու խաղալը,

թռչունների պակասելը, դաշտում պտուղների հասունանալը աշնան նշաններ են, բա

քաղաքում ու՞նց եք իմանում:» Հարցումն անսպասելի էր, ու թեև շտապում էի, բայց պետք

էր պատասխանել. « Դե ինձ էլ ուղարկել են, որ գամ տեսնեմ ձեզ մոտ տարվա ինչ եղանակ

ա ու խաբար տանեմ, թե չէ օրացույցով բան չես իմանա»: Ամենքը ծիծաղեցին: Ծիծաղի

մի նշույլ էլ անցավ այդ ինքնամփոփ ծերուկի հաղթական դեմքով, ու ես դուրս եկա՝ ինքս

իմ մեջ ամփոփվելով: Դրսում զգացնելու չափ ցուրտ էր ու մութ: Թարմ լավաշի

ախորժաբեր բուրմունքը բռնել էր ողջ գյուղը. աշխատավոր կանայք գիշերն էին հաց թխում

թոնրում: Հասա տուն: Եղբորս խնդրեցի պատրաստել որսի համար անհրաժեշտ

պարագաները, իսկ ես մտա նախապես պատրաստած անկողինը:

Մեկ զույգ մահճակալները, փայտե թախտը, հանդերձապահարանը, սեղանը ` 6

աթոռներով և վառարանը թեյնիկով կազմում էին այս երեք խոշոր լուսամուտներից

բաղկացած լայնարձակ սենյակի կահավորումը:

Վառարանի և թեյնիկի նվագակցությամբ կափարիչը պար էր բռնել ու թռչկոտում էր,

թրթռում, իսկ երկու մահճակալների արանքում փռված էր արջի մի ահագին մորթի: Շատ ու

քիչ քնելս չգիտեմ, միայն թե վեր թռա այն ժամանակ, երբ մեր շունը ճանկռոտում էր

 

սենյակի փակ դուռը և ընդհատ հաչոցով ձայնակցում այս ու այն թաղերից լսվող շների

ոռնոցներին: Մի փոքր անց քրոջս տղան՝ Հայկը կանչեց երթիկից. «Դե, հա՜, շուտ արա,

բոլորը գնացին, ուշացանք»: Շանն արդեն կերակրել էին, և ես պատրաստ էի.

փամփշտակալը կապեցի, հրացանը վերցրի և դուրս եկա: Նա արդեն չկար, գյուղի ծայրին

սպասում էր ինձ:

- Քեռի, բա հացիս մեջ ուտելիք չկա, ի՞նչ ենք անելու:

- Ոնց թե, այ տղա, բա որսի ենք գնում, ոնց թե...

- Որսի վրա հույս չեն դնի, զիզան Ըկուփաց թոռնեն կուրկուտ ա գցած, բացենք, մեր փայը

վերցնենք ու էլի փակենք:

Ասելն ու շարժվելը մեկ եղավ, ճարահատ հետևեցի նրան: Մի ահագին տախտակամած

դրված էր թոնրի բերանին, կողքերից ու երեսից աթարով ծածկված: Միասին բարձրացրինք

տախտակը: Բանտած գոլորշին դուրս ժայթքեց թոնրից ու պարզ երևացին չորս պղնձե

ղազանները իրար վրա շարված:

- Դե հիմա ասա, ո՞րն ա ձերը,- հարցրեցի ես:

- Հենց էս վերևինն էլ մերն ա,- պատասխանեց Հայկն ու բացեց ղազանը:

Տաք բուրմունքը գերել էր մեզ: Գիշերային սառը օդը միահյուսվելով ղազանից փչող

գոլորշուն, թոնրատունը դարձրել էր արևելյան բազմախորտիկ խոհանոց: Ախորժաբեր

կուրկուտը լցրեցինք իմ կողմից նախօրոք բացած լավաշների մեջ, դասավորեցինք

որսապայուսակում, մի մի լավաշի մեջ էլ բրդուճ արեցինք ճանապարհին ուտելու համար

ու շտապեցինք հասնել նրանց:

- Ա՛յ տղա, բա շատ հեռացանք նրանցից, կարողանալու՞ ենք հասնենք,- անհանգստացա ես:

 

- Մի քիչ վեննը եկալ,- լիքը բերանով պատասխանեց նա ու արագացրեց քայլերը:

Մութ էր, արահետը՝ նեղ: Բազմաթիվ բլուրները, հաջորդելով մեկը մյուսին, գիշերային

խավարում նմանվում էին ուրվականների: Երբեմն ճնճղուկները սուր ճիչ էին արձակում իմ

սայթաքումներից և աներևութանում: Հայկն արդեն վերջացրել էր իր պատառը, երբ

հասանք նրանց:

- Այ տղա, էս խի՞ ուշացաք,- հարցրեց Բադալ Հոմին՝ նկատելով ձեռքիս բրդուճը: - Հա՜-

հա՜- հա՜- հա՜-հա՜, արա , բա քաղաքացին գիշերվա էս ժամին հաց կուտի՞, կթթվի սրտիդ,

բեր ստեղ:

Բոլորը շուռ եկան իմ կողմը և մի ակնթարթում իրարից փախցրեցին բրդուճս:

- Ա՛յ տղա, էս մեր ղազանից հո չե՞ք հանել, սա մեր ձավարն ա,- ու հարցական նայեց

Հայկին:

- Ա՛յ տղա, դե՜, խո տակի ղազանից չէի հանի,- մեղավոր տոնով պատասխանեց Հայկը:- Էնա

ձերն ա, կեր էլի:

Ու հանեց պայուսակի ողջ պարունակությունն ու մի շիշ օղի:

- Էս օղին քեզ փրկեց, Հայկա, թե չէ կես ժամ հետո էն չորս ղազանն էլ կբերեի ստեղ,-

կատակեց Հոմին ու քանի որ երկար ծիծաղելու ժամանակ չունեինք՝ նստեցինք ուտելու:

- Էսա ասում եմ հա՜, թայդի չընգնեք, համ էլ զգույշ կլինեք,- կարգադրություններ էր անում

Հոմին: - Շների հետ գնալու ա Հայկան, մեկ էլ Սերոժը, Խուրշուդը գալու ա ինձ հետ,

Սեյրանն ու Օնիկն էլ՝ ես կասեմ, թե որտեղ կանգնեն:

- Խի գնում ենք կանգնելու՞, որ..., - հարցրի ես:

 

- Չէ, չենք կանգնելու,- ընդհատեց ինձ Հոմին,- համ էլ սա որս ա: Որսը քշողը կքշի,

բարայում կանգնողը կկանգնի, դե կարող ա նրան չհաջողվի խփել, մյուսը կխփի: Տեսնենք

էլի, աստված մեծ ա, մի բան կլինի, խո չեմ ասում մինչև իրիկուն կանգնած մնան:

Հենց էդ միջոցին շները խենթի նման տեղից պոկվեցին ու կորան անտառի մեջ:

- Հայկա՛, սաս արա, թող շները գան, կհոգնեն, կխտար ա, ուրիշ բան չկա ստեղ,- շտապեց

Հոմին:

Քիչ հետո շները ետ վերադարձան շնչահեղձությունից լեզուները հանած, և մենք

շարունակեցինք առաջանալ: Անցանք Սանալու հայկական կիսաքանդ գյուղի արտերի միջով

և դուրս եկանք Քյաղին ձորը չհասած երկու արահետների խաչման տեղը: Հոմին այստեղ

նորից կարգադրություններ արեց. Սեյրանին ու Օնիկին ուղարկեց անտառի ավելի վերևի

մասը, շնվորը՝ մեջտեղից, իսկ մենք էլ՝ ճանապարհով: Այսպես շղթա բռնած պետք է

հասնեինք Մթնաձոր, որտեղ և նշանակված էր հաջորդ հանդիպման վայրը՝ հետագա

հանձնարարությունները ստանալու համար: Անտառը բարդ էր, անանցանելի, սեզ ու

զկեռի թփերը միահյուսվելով իրար հետ ցանց էին կապել ու իրենց փշոտ ծառայությունն

էին մատուցում Մթնաձորի կուսական անտառին: Այնուհետև սկսվում էր Կաղնուտ

անտառի միալար սանրվածքը, որն աստիճանաբար զիջում էր իր տեղը բոխու և

տանձենիների զարմանալի բարձրության: Նրանք ասես մեղմորեն խոնարհվում ու

գուրգուրում էին իրար և որպես դարն ապրած, մարդու՝ բնության նկատմամբ խորթ ու

անարդար վարմունքից գլխիկոր, ցածրանում ու փոխվում էին մանր թփերի: Մեղմ քամին

խշխշացնում էր թփերը, արահետը՝ գնալով անհետանում: Հետո սկսվում էին խիտ

թփուտները, և այսպես անվերջ արևելքն ու արևմուտքն իրար հաջորդելով, տեսողության

գերագույն կետում փոխվում էին ձյունածածկ զանգվածի: Տեսնելու չափ լույս էր այնտեղ.

 

ձախակողմյան բլուրները մինչև ծնկները խրված էին գետի մեջ, գագաթները կառչել էին

մամռոտ ժայռերի ոտքերին, իսկ լանջի հաստաբուն ծառերը խրոխտ կանգնած հսկում էին

բնությունը արհավիրքներից:

Իր բազմամյա փորձով Բադալ Հոմին կարծես թե ամեն ինչ գիտեր: Նա իսկական

որսկան էր՝ ծանոթ տեղանքի ամեն մի քարին, թփին ու ձորին: Երևի դա էր պատճառը, որ

ես ինձ հանգիստ ու պաշտպանված էի զգում նրա կողքին: Մենք շարունակ առաջ էինք

գնում:

Հանկարծ Հոմին ձեռքի կտրուկ շարժումով կանգնեցրեց ինձ. արջի հետքեր էր տեսել

ու համոզված էր, որ զոհը մոտակայքում էր և հենց այդ պահին էր բնից դուրս եկել:

Որպես ջահել ու անփորձ պատվիրեց ինձ հրացանը պատրաստ պահել ու հեռու գնալ,

մտնել վերին քարի տակ ու լռել։ Հնազանդվեցի: Սակայն մինչև վերին քարին հասնելը

պիտի հաղթահարեի մամռոտ ժայռերի, տարիներով թափված տերևների ու քամուց ընկած

դարավոր սոսիների անանց պատնեշը:

Եվ հանկարծ, օօօ՜ ո՛չ: Մի քանի մետրի վրա երևաց արջի բրդոտ գլուխը: Ես

սարսռացի ու փորձեցի ձեռքս տանել զենքին: Հենց այդ պահին որոտաց Հոմու հրացանը:

Վախեցած Հոմին իրար հետևից դատարկում էր հրացանի պահեստատուփում եղած

փամփուշտները՝ միայն թե կարողանար փրկել ինձ վերահաս վտանգից: Վիրավոր գազանը

մրթմրթալով դեպի ինձ էր գալիս: Երկյուղած ու շունչս պահած, գերբնական ճիգեր

գործադրելով ետ-ետ գնացի ու մի կերպ կարողացա տեղավորվել ընկած ծառերի արանքում

ու շունչս պահել: Հոմին իրեն կորցրած ինձ կրկին ցուցումներ էր տալիս, համոզված

լինելով, որ չեմ կարող պայքարել: Բայց ես ո՛չ լսում էի, ո՛չ տեսնում, ո՛չ էլ առավել ևս՝

հասկանում: Իսկ ցավից մռնչացող վիրավոր արջն իրեն աջ ու ձախ էր նետում՝ կարծես

 

փորձելով ինչ-որ մեկից վրեժը լուծել: Քիչ անց ուժգին թրմփոց լսվեց. գետինը դղրդաց,

հավանաբար արջն էր ընկել: Ես դեռ թաքստոցում էի. քար կտրած ձայն չէի հանում ու չէի

էլ գիտակցում, որ ամեն ինչ ավարտված էր ու բարեհաջող: Մտքովս չէր անցնում, որ արջը

կարող էր այդպես հեշտությամբ հանձնվել: Համագյուղացիների ու զանազան այլ

որսորդների պատմածներն այլ բան էին ենթադրում՝ մենամարտ արջի հետ, մաշկազերծ

որսորդ ... Բարեբախտաբար, ամեն ինչ ավելի լավ էր, քան ես էի պատկերացնում: Եվ

փաստն այն էր, որ Հոմին սպանել էր էդ հսկա գազանին:

Հեռվից լսվում էին շների հաչոցն ու Հայկայի, Սեյրանի և մյուսների գոռոցներն ու

աղաղակները, որոնք հրացանի կրակոցների ձայնից մեր կողմն էին գալիս: Հոմին չէր

արձագանքում նրանց կանչին: Նա անհանգիստ ինձ էր փնտրում:

Մոտեցավ ընկած ծառին ու սկսեց հարվածել: Վերջապես տեսավ ինձ՝ երկու

հաստաբուն սոսիների արանքում կուչ եկած: Իսկ թե ինչպես էի կարողացել արագորեն

մտնել այդ անհավանական նեղ ճեղքը ու թաքնվել, բոլորիս համար մինչ օրս մնաց

անհասկանալի, որովհետև ինձ այնտեղից հանելու համար պահանջվեցին հսկայական

ջանքեր և բավականին ժամանակ:

Կեսօր էր: Ձորում օդը սառն էր: Սաղարթախիտ ծառերի ամպհովանուց մի կերպ էին

թափանցում արևի ճառագայթները: Բոլորս ոգևորված էինք և ուրախ: Այդ օրվա իրենց

հաջողությունը որսորդներն ինձ հետ էին կապում: Եվ դեռ երկար ժամանակ նրանք պիտի

խոսեին այդ անհավանական որսի և, հատկապես, իմ ճարպկության մասին:

Շուտով անցանք որսի ամենահետաքրքիր մասին՝ արջը մորթելուն, կրակ վառելուն

և ծառի ճյուղերից շամփուրներ պատրաստելուն: Թեև մեր կողմերում այդքան էլ

 

ընդունված չէր արջի միս ուտելը, այնուամենայնիվ այդ օրը մեր խումբը որոշեց խախտել

ավանդույթը: Քիչ անց արդեն մեծ ախորժակով վայելում էինք խորովածը՝ համեմված

կատակներով, հին ու նոր հետաքրքիր պատմություններով և օրվա արկածներով: Հեռվում

լսվում էր գայլերի ոռնոցը, որն ընդհատվում էր մեր շների պատասխան հաչոցով:

Արդեն մութ էր, երբ հոգնած ու սպառված վերադարձանք տուն: Գյուղի տների մի

քանիսի պատշգամբներում էր միայն լույս վառվում: Հասկանալի էր. տան մյուս

անդամներն անհանգիստ սպասում էին բացակա անդամների վերադարձին: Մեր որսից

բաժին հասավ գրեթե բոլորին: Այդպես էր գյուղի օրենքը՝ բոլորը մեկի համար, մեկը՝ բոլորի։

2023

Մանրապատումներ

Ասացող՝

Խուրշուդ Բաղդասարյան

Գրառող՝

Սամվել Բաղդասարյան

Վայր/ֆոնդ՝

Ներքին Հանդ

bottom of page