ԳՐԱԶԸ
Մի մարդ թունդ խմած ժամանակ խանին ասում է. - Խա´ն, ես ամբողջ ծովը կխմեմ:
Խանը ծաղրում է դրան, իսկ սա համառում է և ասում. - Արի գրազ գանք, արի գրազ գանք:
Խանը գրազ է գալիս այն պայմանով, որ եթե այդ մարդն ամբողջ ծովը խմի, խանը զրկվի իր հարստությունից` հօգուտ այդ մարդու, իսկ եթե ոչ, պետք է նրան կախեն: Առավոտը, երբ այդ մարդու քեֆովությունն անցնում է և խելքը գլուխը գալիս ու իր դրած պայմանն իմանում, ահից քար է կտրում: Սրա կինը, տեսնելով իր ամուսնու այդ վիճակը, հարցնում է, և մարդը պատմում է իր գլխին եկածը:
- Վնաս չունի, - ասում է կինը, - ես կգամ և խանի պատասխանը կտամ:
Երբ խանը հպարտանալով կանչում է մարդուն և ասում. – Կա´մ խմիր ծովը կա´մ կախ եմ տալիս:
Կինը պատասխանում է. - Խա´ն, իմ մարդն ասել է, որ միայն ծովը կխմեմ, այդպե՞ս է:
- Այդպե´ս է, - պատասխանում է խանը:
- Չի՞ ասել, որ գետերն էլ խմեմ, - հարցնում է կինը:
- Ո´չ, - դարձյալ պատասխանում է խանը:
- Ուրեմն դու պահիր գետերի ընթացքը, որ նրանք ծովը չթափվեն և իմ մարդը կխմի ամբողջ ծովը, - պատասխանում է կինը և հաղթում:
1939
Մանրապատումներ
Ասացող՝
Սեդրակ Բալասանյան
Գրառող՝
Ս. Խանզադյան
Վայր/ֆոնդ՝
Գորիսի շրջանի Խնածախ գյուղ