ԵՐԿՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐ
Մի քաղաքում երկու եղբայրներ էին ապրում, դրանցից մեծը միշտ փոքրին ճնշում էր, իսկ փոքրը միայն տխուր արտասանում էր. «Աստված ճշմարտի հետ է»:
Մի օր էլ այդ ասելու համար մեծ եղբայրը նրան ծեծելով դուրս է անում տնից, թե գնա, թող քո ճշմարտությունը քեզ պահի, պահպանի, էլ ոչինչ ինձնից ստանալիք չունես: Փոքր եղբայրը գնում է ասելով` Աստված ճշմարտի հետ է:
Գնում է, գնում, հասնում է մի թագավորության հող, տեսնում է մի սիրուն այգի, որոնց ծառերի մի մասն արդեն պտուղով հասուն է, մի մասը նոր է ծաղկում, իսկ մի մասն էլ դեռ չի բողբոջել: Որքան աշխատում է մտնել այգին, չի լինում: Տեսնում է, որ մի մեծ առու է մտնում այգին պարսպի տակով: Շորերը հանում է, ինքը մտնում առուն և լողալով անցնում ներս:
Այգին մտնելով` նա ուտում է մի քանի անուշահամ պտուղներ և, որովհետև սաստիկ հոգնած էր, մի պատի շվաքում պառկում է և քնում: Այգեպանը` մի ծերունի, բահն ուսին, գալիս տեսնում է, մի մարդ քնած իր այգում, շատ է զարմանում, ուզում է բահով տա սպանի, մեկ էլ տեսնում է, որ նա ղարիբ մարդ է, խղճում է ու արթնացնելով հարցնում. – Ո՞վ ես, ա´յ մարդ, և ինչ ես շինում այստեղ...
- Աստված ճշմարտի հետ է, - ասում է տղան արթնանալով և պատմում իր ով լինելը:
Այգեպանը դրան վերցնում է իր օգնական և աշխատացնում այգում: Այդ տղան իրեն շատ լավ է պահում և կարճ ժամանակամիջոցում գրավում է այգեպանի սերն ու համակրանքը:
Մի օր տղան դուրս է գալիս այգուց և տեսնում, որ իրենց այգու մոտ է թագավորի պալատը և թագավորը լվացվում է պատշգամբում, ծառաները ջուր են լցնում նրա ձեռքին:
Տղան մոտենում է թագավորի պատշգամբին և ասում. – Թագավո´րն ապրած կենա, Աստված ճշմարտի հետ է:
Այս խոսքերը դուր են գալիս թագավորին և սա մի ոսկի է նվիրում այդ տղային ու ասում. - Այսուհետև ամեն օր կգաս և կասես ու մի ոսկի կստանաս:
Տղան ամեն օր գնում է թագավորի մոտ, ասում` Աստված ճշմարիտի հետ է, և ստանում է մի ոսկի:
Կարճ ժամանակում բավականաչափ հարստանում է: Այգեպանն էլ մեռնելիս իր դրախտային այգին նվիրում է այդ տղային ու տղան ապրում է փառավոր այգով և թագավորի տված ոսկով:
Մեծ եղբայրը մի երկու տարի հետո աղքատանում է և ծայր չքավոր դրությամբ սկսում մուրալ քաղաքներում և գյուղերում: Մի օր էլ հասնում է փոքր եղբոր դուռը և մուրում, բայց փոքր եղբայրը ճանաչում է մեծ եղբորը, խղճում և տանում իր մոտ ու պահում փառավոր:
Մի օր մեծ եղբայրը հարցնում է փոքրին, թե` դու ինչպե՞ս ես հարստացել: Փոքրը մանրամասնորեն պատմում է:
Մեծ եղբայրը նախանձից քիչ է մնում պայթի: Մի օր էլ գնում է թագավորի մոտ և ասում. – Տե´ր թագավոր, այն մարդը, որ ամեն օր գալիս է և քեզ ասում «Աստված ճշմարտի հետ է» ու մի ոսկի առնում քեզնից, վատ մարդ է: Քեզանից բամբասում է ասելով` թագավորի բերանից գարշահոտություն է փչում:
-Լա´վ, - ասում է թագավորը, ես նրա արժանի պատիժը կտամ:
Մյուս օրը, երբ տղան գալիս է ասում «Ասված ճշմարտի հետ է» և սպասում, որ ոսկին ստանա, թագավորը նրան մի ծրար է տալիս և ասում. – Տա´ր այս ծրարը քաղաքից դուրս իմ աղյուսի գործարանը, այնտեղ քեզ կտան 360 ոսկի մի տարվա համար, իսկ գալիք տարին նորից կգաս:
Հակառակի պես այդ օրը փոքր եղբայրը սոխ ու սխտոր էր կերել ու բերանիցը հոտ էր փչում: Որպեսզի այդ հոտը թագավորը չզգար, բերանը
փակել էր շորով: Այդ տեսնելով` թագավորը ավելի հաստատ համոզվեց, որ իր բերնից հոտ է գալիս և նա բերանն ու քիթը կապել է հոտը չզգալու համար:
Փոքր եղբայրը ծրարը ձեռքին ուզում էր գնա աղյուսի գործարանը, երբ պատահեց մեծ եղբայրը:
- Ու՞ր ես գնում, - հարցնում է մեծը:
- Գնում եմ ոսկի ստանալու, - ասում է փոքրը և մանրամասն պատմում թագավորի պատվերը:
- Դու արդեն բավականին հարուստ ես, եղբայր, - ասում է մեծ եղբայրը, - ծրարը տուր ինձ, գնամ, ստանամ այդ ոսկին, ես էլ ապրեմ:
Լա´վ, - հմաձայնվում է փոքր եղբայրը և ծրարը տալիս մեծին:
Անցնում է մեկ տարի, մեծ եղբայրը չի երևում: Փոքր եղբայրը գնում է թագավորի մոտ, որպեսզի այդ տարվա ոսկին ստանա:
Թագավորը շատ է զարմանում և հարցնում է. - Ու՞ր ես եկել:
- Եկել եմ այս տարվա ոսկին ստանամ, - պատասխանում է տղան:
- Իսկ անցյալ տարվանը ստացե՞լ ես:
- Այո´:
- Սուտ մի´ խոսիր, ճիշտն ասա, ստացե՞լ ես:
- Այո´, - պատասխանում է փոքր եղբայրը:
- Դու՞ ես ստացել, - հարցնում է թագավորը:
- Ո´չ, իմ մեծ եղբայրն է ստացել, - ասում է փոքրը:
Թագավորն իր մոտ գրել էր մեծ եղբոր անունը, ազգանունը, հայրանունը, մոր անունը, որտեղացի լինելը և երբ փոքրը նրան պատմում է այդ, նա տեսնում է, որ դրան մատնողը մեծ եղբայրն է եղել, ասում է. - Բարի´ մարդ, քո եղբայրը դավաճանել է քեզ և ստացել իր պատիժը:
Ու պատմում է, որ այն ծրարում գրված է եղել, որ նամակաբերին այրել քուրայի մեջ:
- Ուրեմը չար եղբայրը ստացավ իր արժանի պատիժը, այսուհետև օրը մեկ ոսկու փոխարեն երկուսը կստանաս ինձնից, - ավելացնում է թագավորը:
- ճշմարտությունը հաղթող է, - ասում է փոքրը և շնորհակալություն հայտնելով գնում:
- Քյոխվա´, քո արևը, այդ Ավետարանը զորություն չունի, թե չէ ամեն օր տեսնում է, որ տերտերը գիշերը հավ ու ճուտ է գողանում և այցելում այրի կանանց, ինչու՞ տերտերին չի պատժում, - պատասխանում է մարդն ու հեռանում:
1939
Մանրապատումներ
Ասացող՝
Սեդրակ Բալասանյան
Գրառող՝
Ս. Խանզադյան
Վայր/ֆոնդ՝
Գորիսի շրջանի Խնածախ գյուղ