ԹԱԳԱՎՈՐՆ ՈՒ ԱՂՔԱՏԸ
Մի թագավոր փողոցում պատահում է մի աղքատի, որն իրենից ողորմություն էր խնդրում: Էս թագավորս աղքատին բերում է իր տունը, հինգ օր ժամանակ տալիս և նրան առաջարկում է հետևյալ հարցերը` որոշել` շա՞տ է բարձր արդյոք երկինքը, շա՞տ է խոր երկրի հիմքերը և ինչ արժի իր` թագավորի գինը:
Աղքատն ընկնում է թագավորի ոտները, աղաչում, պաղատում, որ իրեն խղճա ու բաց թողնի, բայց չի լինում, թագավորը մնում է իր վճռին հաստատ: Հինգ օր անընդհատ աղքատը ո´չ ուտում է, ո´չ խմում կամ քնում, անընդհատ մտածում է, թե ինչ անի, որ ազատվի այդ սարսափելի դրությունից, ինչպես լուծի թագավորի խնդիրները, այլապես պետք է ճաշակի կախաղանի մահացու խրախճանքը: Վերջապես անցնում է հինգ օրը, աղքատին տանում են կախաղանի մոտ:
Գալիս է թագավորը և հարցնում. - Գտա՞ր արդյոք տվածս խնդիրների պատասխանը, թե՞ ուզում ես վիզդ մոմած թոկ գցենք:
-Գտա´, տեր իմ, - գլուխ տալով խոսում է աղքատը:
- Ուրեմն ասա´, խո՞ր է արդյոք երկրի հիմքերը, - հարցնում է արքան:
- Այո, տեր իմ, շատ է խոր:
- Ինչու՞ է խոր:
- Որովհետև հազարավոր տարիներ է ինչ հարյուր հազար, միլիոնավոր մարդիկ են գնացել այնտեղ, և նրանցից ոչ մեկը չի վերադարձել, որովհետև շա~տ ու շատ խոր է նրա հիմքերը:
- Լավ, - ասում է արքան, - իսկ բա՞րձր են արդյոք երկնքի բարձունքները:
- Ոչ շատ, - կրկին պատասխանում է աղքատը,- եթե շատ բարձր լիներ, մենք չէինք լսի որոտի ձենը, չէինք տեսնի կայծակի փայլը և անձրևն ու ձյունը մեզ չէր հասնի:
- Լավ, - դարձյալ ասում է թագավորը, - դու պատասխանեցիր իմ երկու հարցերին, այժմ ասա, ի՞նչ արժեմ ես, ինչ է իմ գինը:
- Ձեր գի՞նը, տե´ր արքա, - գլուխ է տալիս աղքատը, - ձեր գինը երեսուն ռուբլի է:
- Ինչո՞ւ, հիմա´ր, - մռնչում է արքան կատաղած, - երեսուն ռուբլու մի անասուն չեն տա:
- Տե´ր, հույները Քրիստոսին ծախեցին երեսունմեկ ռուբլու, դա նրա գինն էր, ես քեզ գնահատում եմ երեսուն, գոնե դու մի ռուբլով ցածր կլինես Աստծու որդու գնից, - պատասխանում է աղքատը և հեռանում:
1939
Մանրապատումներ
Ասացող՝
Աշուղ Աթա
Գրառող՝
Ս. Խանզադյան
Վայր/ֆոնդ՝
Գորիսի շրջանի Քարաշեն գյուղ