top of page

ՀԱՐՈՒՍՏ ԽԱԲԵԲԱՆ ԵՎ ԱՂՔԱՏ ՃՇՏԱԽՈՍԸ

Մի մարդ, որ բավականին հարստություն էր դիզել սրան-նրան խաբելով, մի օր մի ուրիշ մարդու վրա սուտ տեղը տասը փութ գարու պարտք է ցույց տալիս: Էս մարդը որքան փորը գետնին է գցում, թե ոչինչ պարտք չեմ, հարուստը սկսում է գոռգոռալ, մինչև բանը հասնում է դատարան: Խաբեբա հարուստը գտնում է մի աղքատ մարդու, որը շատ ճշմարտախոս էր, ասում, որ` դու արի ու դատարանում վկայություն տուր, որ այն մարդն ինձ տասը փութ գարի է պարտ, ես քեզ երկու փութ նրանից կտամ: Աղքատը համաձայնվում է: Երբ դատավարության ժամանակ կանչում են վկա աղքատ ճշմարտախոսին, սա գլուխ է տալիս ու խեղճ դեմքով կանգնում մեջտեղը:

- Լսի´ր, վկա´, այս մարդը այս հարուստին ի՞նչ է պարտ, - հարցնում է դատավորը:

- Արդար դատավոր, - խոսում է աղքատը, - այդ մարդը հարուստին քսան փութ ցորեն է տալացուկ:

- Ո´չ, տասը փութ գարի, - տեղից կանչում է հարուստը:

- Աղա´, - ասում է ճշմարտախոս վկան, - եթե սուտ է, սուտ է, ինչու տասը փութ գարի ասենք, և դու ինձ երկու փութ տաս, թող քսան փութ ցորեն ասեմ, որ չորս փութն ինձ տաս, քո աչքն էլ բան տեսնի, իմն էլ:

Կեղծիքը պարզվում է ու խաբեբա հարուստն ամոթահար դուրս է գնում:

1937

Մանրապատումներ

Ասացող՝

Մանուկ Դայի

Գրառող՝

Ս. Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Գորիսի շրջանի Հարժիս գյուղ

bottom of page