top of page

ՓԵՍԱՆԵՐ ԸՆՏՐԵԼԸ

Մի մարդ մի շատ սիրուն աղջիկ է ունենում, որի ձեռքը շատ ուզողներ են լինում: Այս մարդը չի իմանում, թե աղջիկը ում տա: Երբ տեսնում է, որ էլ հնար չկա, փեսացուները շատ են զոռ անում, մի օր դուրս է գալիս և ասում. – Սիրելի´ փեսացուներ, իմ աղջիկը տալու եմ նրան, ով իմ մի պատվերը կատարի:

Այս ասելուց հետո, նա յուրաքանչյուր փեսացվին մի քար է տալիս ասելով. – Դի´ր տրեխիդ մեջ` ոտիդ տակ, ու գնա սաղ օրը ման եկ, եթե այդ քարը առանց հանելու երեկոյան տուն բերիր, իմ աղջիկը քեզ կտամ:

Բոլոր փեսացուները սրբությամբ կատարում են աղջկա դաժան հոր պատվերը, բացի մի քաչալից, որը և ամենափոքրն էր: Սա հենց տեսնում է, որ քարը ոտին վնասում է, հանում է և դեն շպրտում, ասելով. - Ա´հ, չի տալիս, թող չտա, հո ես սաղ օրը դա ոտիս մեջ չեմ պահելու:

Իրիկունը, երբ բոլորը տուն են գալիս, ամեն ոք հանում է ոտքի քարը, որից ոտքերը սարսափելի վերքեր էին ստացել և հանձնում են տիրոջը:

- Դու ինչու՞ չես պահել, - հարցնում է տերը քաչալին:

- Ես հո ոտիցս ձեռ չէի քաշել, որ քարը թակեր ու սրանց ոտքերի պես յարալու աներ, - համարձակորեն պատասխանում է քաչալը:

- Որ էդպես է, աղջիկս քեզ եմ տալիս, տա´ր, քեզ հալալ լինի: Եթե այս մարդիկ իրենց ոտքերի ղադրը չեն իմացել, իմ աղջկանն էլ չեն իմանա:

1939

Մանրապատումներ

Ասացող՝

Հապետ բիձա

Գրառող՝

Ս. Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Գորիսի շրջանի Քարահունջ գյուղ

bottom of page