ՏԵՐՏԵՐՆ ՈՒ ԲԱՆԻՄԱՑ ՄԱՐԴԸ
Մի գյուղում միակ տերտերը կմեռնի և երկար ժամանակ առանց տերտեր կմնան: Մի ուրիշ գյուղացի` հազիվ գրաճանաչ, մի անաշխատասեր ու հիմար մարդ, մի կերպ տերտերական զգեստներ կգտնի և մի հին գիրք էլ ձեռքն առած կգնա այդ գյուղը, որպեսզի տերտերություն անի: Այս մարդուն կհաջողվի տերտեր դառնալ չաղ ծխավարձով և լավ հարգանքով ու կսկսի ժամասացություն, թաղում, հարսանիք և այլ արարողություններ անել: Այսպիսով նա կարգին տնտեսություն կստեղծի և կապրի ապահով:
Մի օր այս գյուղը մի բանիմաց մարդ կգա և հյուր կընկնի տերտերի տանը: Տերտերը մյուս առավոտ միասին եկեղեցի կտանի հյուրին: Բախտավոր տեր հայրը կսկսի իր արարողությունները, բայց որովհետև ոչինչ գրեթե չգիտեր և նախօրոք իմացել էր, որ իր հյուրը կարող է հասարակության մեջ վատ կարծիք հայտնել իր մասին, ժամերգի ժամանակ երգելով հասկացնում է հյուրին, որ ոչինչ չասի` ամեն տան վերջում ավելացնելով. - Ինձ հասանելիք տասներկու ջվալ ցորենի կեսը քեզ կտաաաաա~մ:
Երբ գործողությունները վերջացնում է տերտերը, նրա բանիմաց հյուրը վեր է կենում և հասարակության մեջ հայտարարում. - Ձեր տերտերը սուրբ է: Ես որ տերտերի միրուքից երկու մազ եմ պոկում, որովհետև ում տան որ լինի սրբի զույգ մազ, միշտ բախտավորության մեջ կապրի, - ասելով մոտենում է և տերտերի մրքից երկու մազ պոկում, - ով ցանկանում է բախտավոր լինի, թող իմ օրինակին հետևի, - կանչելով իջնում է բեմից:
Ժողովուրդը թափվում է և քանդում տերտերի միրուքը: Տեր հայրը ուրախացած այն մտքից, որ ինքը սուրբ է, վազում է տուն: Երբ կինը տեսնում է, որ մարդու երեսին մի մազ էլ չի մնացել, զարմացած բացականչում է. – Ա´յ մարդ, ու՞ր է միրուքդ:
- Ա´յ կնիկ, բա չես ասի, ես սուրբ եմ եղել ու մինչև հիմա չեմ իմացել:
Եվ պատմում է մազերի պատմությունը ուրախ-ուրախ:
- Տնաշե´ն, էդ որ էտենց ա, հիմա երեսիդ երկու մազ էլ չի մնացել, որ ես պոկեմ ու բախտավորվենք, սաղ միրուքդ քաշել են, - սրտնեղած ասում է կինը:
- Վնաս չունի, վերևի միրուքը քանդել են, բայց ներքևինը մնում է, դու էլ քանդի, սրբի մազը մազ է, որտեղից էլ ուզում է լինի, - պատասխանում է տերտերը:
1938
Մանրապատումներ
Ասացող՝
Աշոտ Դադալյան
Գրառող՝
Ս. Խանզադյան
Վայր/ֆոնդ՝
Գորիս