Արտաշին
Հնուց խմհարված արտերի միջով մտանք Սատանաձոր.
Մոշի թփերը վերևից գալիս, իրար փաթաթվում կամար են կազմում՝
Թողնելով հազիվ մարդաբոյ անցուկ:
Գետինը ավազ ու մշտաթաց էր,
Բավական խորն ու մթագնած էր:
Ձորի մեջտեղում՝ խունացած մեծ քար,
Քարի մեջ՝ փոս, փոսում՝ անձրևաջուր...
Մեր արահետը հասնելով քարին
Երկու կողմերից շրջանցեց նրան
Ու քարից վերև՝ թամքաձև մեջքին միացան իրան:
Ձորին ուժ տվող բազմաղբյուրները հեռու գետափին՝ սալքարի մեջքից
Ջրվեժ են կազմում մոտ տասը մետրից:
Ելանք վերելքը, թեքվեցինք լանջով ու մտանք անտառ.
Հեռու՜ ներքևում թշշում էր գետը,
Սեղմել էր պարարտ մեջքը անտառի լայն գոտի դարձած մեր արահետը:
Գոտու ներքևում՝ մինչ գետը հասնող ուղղաձիգ անդունդ,
Գոտու վերևում՝ թեք լանջի վրա փոքրիկ մի հարթակ,
Հարթակի մեջտեղ շիրմաքար կանգնած՝ հարթ եզրերով կոնաձև ավարտ,
Կոնի կենտրոնում վայրէջքի պահին աղավնի ձուլած,
Նրա թիկունքին մարմառի վրա մեսրոպյան տառով հուշեր դրոշմված...
Լլկված մոտեցանք. տիրեց գերեզմանային լռություն:
Լսվում էր միայն տերևների՝ ասես վերջին հրաժեշտը ճյուղերին,
Իսկ խառնակիչ քամին հանգիստ չէր տալիս նրանց գետնի վրա...
Ամենքը յուրովի հայացք նետեցին անցած ուղուն, ու
Մինչ այդ զորեղ մարդը թվաց ինձ մի անզոր էակ բնության քաոսի մեջ...
Աշնան տերևների սոսափյունը, լուսաբացն ավետող թռչունների դայլայլը
Հազարաբյուր մեղեդի դարձած պարում էին մեր շուրջը:
2023
Քնարական բանահյուսություն
Ասացող՝
Խուրշուդ Բաղդասարյան
Գրառող՝
Սամվել Բաղդասարյան
Վայր/ֆոնդ՝
Ներքին Հանդ